Մատչելիության հղումներ

Կոնգրեսի գրադարանում կայացել է «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրումը


Կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությամբ ապրիլի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում կայացել է Էնդի ոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի առաջին հանրային դիտումը:


Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ցուցադրումից առաջ տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում ելույթով հանդես եկան կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը եւ Ռաշ Հոլտը: Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց Ադամ Շիֆին նախաձեռնության համար, ինչպես նաեւ առանձին նշել է վավերագրական ֆիլմի հեղինակ Էնդի Գոլդբերգի կատարած աշխատանքը:

«Հայոց ցեղասպանություն» մեկժամյա վավերագրական կինոնկարի ցուցադրումը ԱՄՆ-ի ամբողջ տարածքում նախատեսվում է ապրիլի 17-ին PBS հեռուստաալիքով, սակայն դրանից հետո ցուցադրվելու է նաեւ ցեղասպանության շուրջ բանավեճ, որին բացի հայ համայնքի երկու ներկայացուցիչներից մասնակցելու է նաեւ ցեղասպանությունը ժխտող երկու պատմաբան: Ամերիկահայերը անընդունելի են համարում Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճը, քանզի համոզված են, որ ցեղասպանությունը անհերքելի փաստ է:

ԱՄՆ-ի Հանրային հեռարձակման ծառայության Լոս Անջելեսի մասնաճյուղը հրաժարվել էր Էնդի Գոլդբերգի ֆիլմը ցուցադրել առանց բանավեճի, ինչից հետո Գոլդբերգը որոշել է վարձել հայաշատ Լոս Անջելեսի կինոթատրոնը եւ ցուցադրել իր կինոնկարն անվճար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG