Մատչելիության հղումներ

Քոնդոլիզա Ռայսը պատասխանել է Հայաստանին վերաբերող հարցերին


Ապրիլի 4-ին ԱՄՆ-ի Սենատի ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների եւ ֆինասական հարցերով հանձնաժողովի նիստում Կոնգրեսի հայկական հարցերին աջակցող խմբի համանախագահ Ջո Նոլենբերգը պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին հղել էր Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական անհավասար հատկացումներ կատարելու՝ վարչակազմի որոշման շուրջ մի քանի հարց:

«Սա զուտ կարիքների եւ պահանջների խնդիր է, սակայն մենք հիշում ենք հավասարակշռություն պահպանելու հարցը», - հայտարարել է Քոնդոլիզա Ռայսը՝ նշելով, թե «աշխատանք է տարվում երկու կողմերի հետ»:

«Բացի այդ, Հայաստանը ստացալ է «Հազարամյակի մարտահրավերներ»-ի փաթեթը, Ադրբեջանը՝ ոչ: Ուրեմն, եթե ավելի լայն տեսանկյունից նայենք հարցին, պարզ կդառնա, որ մենք լավ հարաբերություններ ենք պահպանում կողմերի հետ եւ նրանց վերաբերվում համապատասխան կերպ», - շեշտել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Կոնգրեսական Նոլենբերգը նշել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայքարի ընթացքում երկու կողմերն էլ կցանկանային դիտվել հավասարության տեսանկյունից, որպեսզի չերեւար անարդար մոտեցում նրանցից որեւէ մեկի նկատմամբ:

Ի պատասխան Քոնդոլիզա Ռայսը ասել է, թե «հարկավոր չէ պահպանել հավասարակշռություն հանուն հավասարակշռության, այլ լավ հարաբերություններ կողմերի հետ եւ նրանց տրամադրել օժանդակություն՝ համապատասխան պահանջների»:

«Ադրբեջանն այժմ պատրաստ չէ մասնակցել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին, բայց մենք չէինք ուզում դրա պատճառով ընդհանուր օժանդակության հարցում Հայաստանին պահել ավելի բարձր մակարդակի վրա: Երկու երկրներին հատկացվող օժանդակության փոքր տարբերությունը կարելի է հանդուրժել», - եզրափակել է պետքարտուղար Ռայսը:

2007 թվականի բյուջեի նախագծով ԱՄՆ-ի վարչակազմն առաջարկել է Ադրբեջանին հատկացնել 4,5 միլոն, իսկ Հայաստանին՝ ընդամենը 3,5 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Առաջարկվում է նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին միջազգային ռազմական ուսուցման եւ վարժանքների համար տրամադրել համապատասխանաբար 790 հազար եւ 885 հազար դոլար:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG