Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը գտնում է, որ երկքաղաքացին պետք է քվեարկի միայն Հայաստանի տարածքում


Հայաստանում իշխող կոալիցիայի անդամ Դաշնակցությունը այսօր առաջարկել է սահմանել, որ երկքաղաքացին կարող է հայաստանյան ընտրություններին մասնակցել միայն Հայաստանի աշխարհագրական տարածքում:

«Մեր առաջարկի համաձայն՝ քվեարկությունը պետք է տեղի ունենա Հայաստանի աշխարհագրական տարածքում: Դեսպանատներն էլ են համարվում Հայաստանի տարածք, բայց երկքաղաքացիների քվեարկությունն այնտեղ պետք է բացառել», - ասել է Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօր խորհրդարանում տեղի ունեցած երկքաղաքացիության հարցի քննարկման ընթացքում:

«Սահմանափակում մտցնելով, էապես կնվազեցնենք շահարկումները՝ թե, օրինակ, Լոս Անջելեսում բնակվող հայը կարող է գալ եւ քվեարկել, ինչը կնշանակեր, որ դաշնակցականները մտադիր են երկքաղաքացիներին ինքնաթիռով հասցնել Հայաստան: Հաշվե՞լ եք, թե մեկ ձայնի հետ կապված ծախսերը որքան են՝ նման ճոխություն ոչ մի կուսակցություն իրեն թույլ չի տա», - ասաց Արմեն Ռուստամյանը:

Երկքաղաքացիության իր հայեցակարգում Դաշնակցությունը օրենքի ձեւակերպմանն է թողել հարցերի երկու խումբ՝ քանի՞ տարի է պահանջվում ապրել Հայաստանում, որպեսզի երկքաղաքացին ընտրելու իրավունք ստանա, եւ ո՞ր պաշտոնները չեն կարող զբաղեցնել երկքաղաքացիները:

Դաշնակցության ներկայացուցիչները պնդում էին, որ դրույթները չեն համաձայնեցրել կոալիցիոն գործընկերների հետ: Վաղը հայեցակարգը կտպագրվի «Հայաստանի Հանրապետություն» թերթում՝ լայն քննարկման ակնկալիքով:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG