Մատչելիության հղումներ

Պրահայում ավարտվեց Հայոց ցեղասպանության թեմայով մեկօրյա միջազգային խորհրդաժողովը


Չեխիայի Սենատի շենքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության խնդրին նվիրված խորհրդաժողով, որն անցել է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հովանավորությամբ: Մեկօրյա միջոցառումը նախաձեռնել են Չեխիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամ 3արոմիր Շտետինան եւ «Հայկական ակումբ» հասարակական կազմակերպությունը:

Ներկայացուցչական խորհրդաժողովին մասնակցել են սենատոր Շտետինան, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, Սլովակիայի նախկին վարչապետ, արդարադատության նախկին նախարար 3ան Չարնոգուրսկին, ԱՄՆ-ից աշխարհահռչակ պատմաբան Վահագն Դադրյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հիլդա Չոբոյանը, գերմանացի գիտնական դոկտոր Թեսսա Հոֆմանը, թուրք իրավապաշտպան Ելդագ Ուզչանը, որը Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման փաստերն ուսումնարսիրելու եւ հրապարակելու համար հետապնդման է ենթարկվել եւ ապաստանել է Գերմանիայում:

Չեխ սենատոր 3արոմիր Շտետինան ասել է, որ հետեւելով սլովակ գործընկերների օրինակին (Սլովակիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում), չեխ օրենսդիրները մշակում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող մի փաստաթուղթ, որը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Սենատորը չի նշել, թե երբ պատրաստ կլինի օրինագիծը, եւ ինչպիսին կարող է լինել դրա բովանդակությունը:

«Ով մոռանում է անցյալը՝ դատապարտված է այն վերապրել ապագայում»՝ այս միտքն է հնչել գրեթե բոլոր ելույթներում: Խորհրդաժողովի մասնակիցներից շատերն, այդ թվում տիկին Ուզչանը, նշել են, որ Եվրոպան պետք է պահանջի Թուրքիայից՝ ճանաչել 0սմանյան կայսրության ժամանակաշրջանում հայերի նկատմամբ գործած ոճիրը:

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ա. Կիրակոսյանն ասել է, որ պաշտոնական Երեւանի դիրքորոշումն անփոփոխ է. «Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել եւ համագործակցել Թուրքիայի հետ, սակայն երբեւէ չի հրաժարվի ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունից»:

Արման Կիրակոսյանի խոսքերով, Հայաստանի համար ցեղանսպանության ճանաչումն ազգային անվտանգության հարց է: «Եթե Թուրքիան ճանաչի այն, ինչ-որ արել է մեր ժողովրդի հանդեպ անցյալում, իրոք, դա կլինի երաշխիք մեզ համար, որ մենք անվտանգ ենք, որ այդ երկիրն իր վրա է վերցրել պատասխանատվությունը եւ, փաստորեն, ներողություն է խնդրել այն բանի համար, որ կատարել է ոչ թե ինքը, այլ նախորդ իշխանությունը: Ես հատուկ նշեցի իմ ելույթում, որ մենք Թուրքիայի ժողովրդի դեմ չենք եւ ճանաչումը թուրք ժողովրդի դեմ չի արվում», «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG