Մատչելիության հղումներ

OTE֊-ն մտադիր է վաճառել «ԱրմենՏել»-֊ը


OTE International հունական ընկերության գործադիր տնoրեն Միխալիս Ծամասը այսօր Աթենքում հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է վաճառել «ԱրմենՏել»֊-ի բաժնետոմսերի 90 տոկոսը:

«Մենք քննարկում ենք «ԱրմենՏել»-֊ի բաժնետոմսերի 90-֊տոկոսանոց փաթեթի վաճառքի հնարավորությունները: OTE-ն որոշել է իր ուշադրությունը կենտրոնացնել Բալկանների վրա»,֊ ասել է Ծամասը: Հայաստանից բացի, OTE֊-ն ակտիվներ ունի նաեւ Բուլղարիայում, Սերբիայում եւ Ռումինիայում:

Ծամասը նաեւ պնդում է, որ «ԱրմենՏել»֊-ը այժմ «կենսունակ ընկերություն է, որի հանդեպ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական ընկերությունները»: Բջջային կապի ռուսաստանյան երկու առաջատարները` MTC-ը եւ «ԲԻ Lայն» ցանցի սեփականատեր «Վիմպելկոմ»֊-ը դեռ տարեսկզբին էին հայտարարել, որ հայկական շուկայում հետարքրքրություններ ունեն:

«Ազատություն» ռադիոկայանի Մոսկվայի թղթակցի հետ զրույցում շարժական հեռախոսակապի ծառայություններ մատուցող ռուսաստանյան ընկերությունների պատասխանատուները նաեւ չեն բացառել, թե հայկական շուկա մտնելու համար այս ընկերությունների միջեւ մրցակցություն կարող է ծավալվել: Ռուսաստանյան ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ առայժմ տենդերին մասնակցելու հրավեր հայկական կողմից չեն ստացել:
Ինչ վերաբերում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը, ապա Կապի եւ տրանսպորտի նախարարությունում հայտնեցին, թե տեղյակ են, որ OTE-֊ն պատրաստվում է վաճառել «ԱրմենՏել»֊-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:

Առայժմ պարզ չէ, թե ի՞նչ գումարով է OTE֊-ն պատրաստվում վաճառել «ԱրմենՏել»-֊ի բաժնետոմսերը: Այսօր OTE International-ի ղեկավարը Աթենքում լրագրողներին հիշեցրել է, որ 1997 թվականին անցկացված սեփականաշնորհման մրցույթի արդյունքում հունական կողմը «ԱրմենՏել»-֊ի դիմաց վճարել է 120 միլիոն եվրո:


Ազա Բաբայան, Մոսկվա
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG