Մատչելիության հղումներ

Ո՞վ կգլխավորի ամերիկյան ծրագրի իրականացումը


Օրերս կայանալու է «Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրությունը։ 235 ու կես միլիոն դոլարի բյուջե ունեցող այդ ծրագրի գործադիր կառավարչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին հայտ է ներկայացրել 48 անձ։

«Այս գործընթացը լինելու է թափանցիկ, այսինքն՝ տեղեկատվություն կտրամադրվի ոչ միայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ հանձնաժողովների անդամներին, այլեւ՝ հոգաբարձուների խորհրդի անդամներին եւ լրատվամիջոցներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ծրագրի ազգային համակարգող, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանը:

Որոշ տեղեկություններով, արդեն ապրիլի 5-ին կամ 6-ին հիմնադրամի գործադիր տնօրենի անունը հայտնի կլինի։ Իսկ ընտրությունը, ըստ Դավիթ Ավետիսյանի, կատարվելու է փուլերով:

«48 հոգուց կազմվելու է կարճ ցուցակ, որն ուղարկվելու է «Հազարամյակի մարտահրավներ» կորպորացիայի համաձայնեցման: Դրանից հետո, այն թեկնածությունների ցուցակից, որոնց վերաբերյալ կորպորացիան առարկություններ չի ունենա, կառավարման խորհուրդը կնշանակի «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ -Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն», - հայտնեց Դավիթ Ավետիսյանը:

Թեեւ դիմորդների ցուցակը գաղտնի է պահվում, տեղեկություններ կան, որ դիմորդների մեջ գերակշում են պետական պաշտոնյաները՝ փոխնախարարներ, վարչության պետեր, պետական ծառայողներ տարբեր գերատեսչություններից։ Դիմողների մեջ քիչ չեն նաեւ անկախ մասնագետներ, միջազգային ծրագրերում աշխատանքի փորձ ունեցող անձինք։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG