Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների հանդիպման վայրը կորոշի ՈՒԵՖԱ-ի հանձնաժողովը


Որտե՞ղ են կայանալու Հայաստանի եվ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումները՝ այս հարցը կորոշի ՈՒԵՖԱ-ի հանձնաժողովը, որի անդամները մայիսին այցելելու են Երեւան եւ Բաքու:

Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները ընդգրկված են 2008 թվականի Եվրոպայի առաջնության նույն ընտրական խմբում եւ պետք է միմյանց հետ խաղան հաջորդ տարվա աշնանը:

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ ՈՒԵՖԱ-ի հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՈՒԵՖԱ-ի փոխնախագահը, գլխավոր քարտուղարի տեղակալը եւ գործադիր կոմիտեի անդամներից մեկը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ֆեդերացիան առայժմ պաշտոնական տեղեկություն չի ստացել ՈՒԵՖԱ-ի հանձնաժողովի այցելության մասին: Միաժամանակ նա հայտնեց, որ ապրիլի 3-ին եռօրյա այցով Երեւան է ժամանելու ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրեն Լարս Քրիստեն Օլսոնը, ով հանդիպելու է Հայաստանի վարչապետի եւ այլ ղեկավարների հետ: «Կարելի է ենթադրել, որ երեւանյան հանդիպումների ընթացքում կշոշափվի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների խաղերի անցկացման վայրի վերաբերյալ հարցը», - ասաց ֆեդերացիայի խոսնակը:

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել առաջինը մեկնել Բաքու, մինչդեռ ադրբեջանական կողմը առաջարկում է հանդիպումներն անցկացնել չեզոք դաշտում:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG