Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդ. «Կողմերը երբեք չեն կարող հասնել իրենց գերագույն նպատակին»


Օրերս Վաշինգտոնում՝ Ամերիկայի հայկական համագումարի համաժողովում հրավիրյալի կարգավիճակով ելույթ ունեցավ եւ ներկաների հարցերին պատասխանեց ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, ով, ի թիվս այլ խնդիրների, խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման կարեւորության մասին:

«Կողմերը երբեք չեն կարող հասնել իրենց գերագույն նպատակին», - հայտարարեց Դենիել Ֆրիդը՝ կոչ անելով պատրաստվել երկկողմ ընդունելի լուծման:

«Ամերիկան չունի որեւէ կողմի վրա ուժ բանեցնելու իրավունք կամ մտադրություն, այլ կողմերին աջակցելու նպատակ: Ես Անկարայում հայտարարեցի, որ Միացյալ Նահանգները ցանկանում է բաց տեսնել հայ-թուրքական սահմանը», - նշեց պետքարտուղարի տեղակալը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Հայաստան կապերին, Ֆրիդը ասաց, թե «չենք ուզում պարտադրել, որ Հայաստանը ընտրություն կատարի պատմական բարեկամների եւ արեւմտյան իր ինքնության միջեւ, սակայն ուզում ենք, որ սերտանան մեր կապերը»:

Անդրադառնալով Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից հատկացվող ռազմական օժանդակությանը, պետքարտուղարի տեղակալը ասաց, թե այն չի վնասում Հայաստանին Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող աջակցությանը: «Մենք հասկացրել ենք Ադրբեջանին, որ նրա վտանգը Հայաստանից չէ, եւ մեր ծրագրերը Ադրբեջանի հետ կազմում ենք շատ զգուշորեն», - ասաց Դենիել Ֆրիդը:

Քոնդոլիզա Ռայսի տեղակալը խոսեց նաեւ Հայոց ցեղասպանության խնդրի մասին՝ առանց այդ բառն արտասանելու: «ԱՄՆ-ի դիրքորոշումը 1915 թվականի դեպքերի կապակցությամբ փոփոխության չի ենթարկվել: Պատմությունը հասկանալու լավագույն ուղին՝ արդյունավետ երկխոսությունն է: 1915 թվականի սպանությունների գնահատականը պետք է տա ոչ թե քաղաքականությունը, այլ գիտնականների եւ քաղաքացիական ղեկավարների վերլուծությունը»:

«ԱՄՆ-ի կառավարությունը չի հերքում 1915 թվականի իրադարձությունները եւ ողջունում է իր պատմությունը ավելի լուրջ զննելու՝ Թուրքիայի այսօրվա ջանքերը: Մենք կշարունակենք հորդորել Թուրքիային՝ հաղթահարել անցյալի հետ կապված դժվարությունները եւ կոչ կանենք Հայաստանին՝ օգնել Թուրքիային այն իրականություն դարձնելու համար՝ առանց երբեւէ զոհաբերելու պատմական ճշմարտությունը կամ ձեր դիրքերը», - Ամերիկայի հայկական համագումարի համաժողովի մասնակիցների հարցերին ի պատասխան հայտարարեց Դենիել Ֆրիդը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG