Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը նոր վարկ է տրամադրում Հայաստանին


Վաշինգտոնում Համաշխարհային բանկի (ՀԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի վարկային ծրագիրը:

«Ընդհանուր գումարը 8 միլիոն դոլար է, որից 5 միլիոնը Միջազգային զարգացման ընկերակցության վարկն է, իսկ 3 միլիոնը տրամադրել է Գլոբալ բնապահպանական հիմնադրամը», - «Ազատություն» ռադիոկայանին Վաշինգտոնից հայտնեց Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի մամուլի պատասխանատու Վիգեն Սարգսյանը:

«Ակնկալում ենք, որ ծրագրի իրականացմանը կմիանան նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը՝ 7 միլիոն դոլարով, եւ «Գաֆէսճեան Ընտանիք Հիմնադրամ»-ը՝ 3 միլիոն դոլար գումարով: Այսինքն՝ իրականացման ընդհանուր գումարը կհասնի 18 միլիոն դոլարի», - նշեց Վիգեն Սարգսյանը:

Ծրագիրը, ըստ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի մամուլի պատասխանատուի, կօժանդակի Հայաստանի կառավարությանը՝ օգտագործելով վերականգնվող էներգակիրները, հնարավորինս մեծացնելու մասնավոր ընկերությունների կողմից շահագործվող հզորությունները:

Վարկային գումարները տրամադրվելու են մասնավոր հատվածին, հիմնականում փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման համար: Փաստորեն, էներգախնայողության հիմնադրամի միջոցով ստեղծվում է շրջանառու կապիտալ, որը հնարավորություն կտա ամրապնդել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը եւ բնապահպանական առումով ավելի անխոցելի դարձնել ընդհանուր էներգետիկ ոլորտում արտադրության ծավալները:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG