Մատչելիության հղումներ

«Հայաստանի իշխանությունները պատրաստ են գաղտնազերծել կոռուպցիայի մասին զեկույցը»


Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի՝ ԳՐԵԿՕ-ի լիարժեք անդամակցության համար Հայաստանը պետք է իրականացնի այդ կազմակերպության 24 կետից բաղկացած պահանջների կամ երաշխավորությունների մի փաթեթ՝ ընդամենը 18 ամսվա ընթացքում։

Հայաստանի նախագահի հակակոռուպցիոն հարցերով խորհրդական Բագրատ Եսայանի համոզմամբ, այդքան շատ պարտավորությունների ամրագրումը ամենեւին չի նշանակում, թե Հայաստանում կոռուպցիայի մակարդակը բարձր է։ «Արմենպրես»-ի սրահում այսօր կայացած մամուլի ասուլիսում Բագրատ Եսայանը Հայաստանի երաշխավորությունների քանակը համեմատեց ԳՐԵԿՕ-ին անդամակցության հայտ ներկայացրած մի շարք այլ երկրների ցուցանիշների հետ. «Վրաստանը ստացել է 25 երաշխավորություն, Լատվիան՝ 28, Լեհաստանը՝ 26, Սլովակիան 36՝ երաշխավորություն»:

Ասուլիսին ներկա ԳՐԵԿՕ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը փոխանցեց, թե այդ կազմակերպության կանոնադրության համաձայն մոնիտորինգի առաջին երկու փուլերի արդյունքում ներկայացված երկրի հակակոռուպցիոն զեկույցի գաղտնազերծման իրավունքը պատկանում է հայտատու երկրին: Ըստ Օսիկյանի, ի զարմանս ԳՐԵԿՕ-ի ղեկավարների, մեր երկիրը ցանկացել է անմիջապես հրապարակային դարձնել իր զեկույցը:

Նախագահի խորհրդականը վկայակոչեց ֆիզիկական անձանց եկամուտների եւ գույքի պարտադիր հայտարարագրման մասին օրենքի նախագիծը, որը արդեն երկու տարի է սառեցվել է խորհրդարանում:

Թեեւ պետական բարձրաստիճան պաշտոնյաները իրենց ունեցվածքի եւ եկամուտների վերաբերյալ պարտադիր հայտարարագրեր են լրացնում, սակայն գործող օրենքները, ըստ նախագահի խորհրդականի, թույլ չեն տալիս հաշիվ պահանջել կոռուպցիոներներից, եւ՝ «ցանկության դեպքում դա չի կարող անել նույնիսկ երկրի նախագահը», փաստեց Եսայանը:

ԳՐԵԿՕ-ի երաշխավորությունների ցուցակի 10-րդ կետը պահանջում է քրեական հետապնդումից անձեռնմխելի անձանց կարգավիճակների թիվը 10-ից կրճատել 4-ի՝ վերացնել պատգամավորության թեկնածուների, կենտրոնական, մարզային եւ տեղական ընտրական հանձնաժողովների անդամների, համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների անձեռնմխելիության վերաբերյալ օրենսդրական նորմերը։

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG