Մատչելիության հղումներ

Բրիտանացի ջազմենները իրենց հմտությունները կիսում են հայ երաժիշտների հետ


Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ բրիտանացի հանրահայտ ջազ երաժիշտներ՝ Գարի Քրոսբին եւ Աբրամ Ուիլսոնը մարտի 27-ից 30-ը Tomorrow’s warriors ծրագրի շրջանարկներում դասընթացներ են կազմակերպել երիտասարդ հայ ջազմենների համար՝ նրանց կատարողական եւ բեմական վարպետությունը, ինչպես նաեւ իմպրովիզացիոն հմտությունները զարգացնելու նպատակով:

Tomorrow’s warriors կազմակերպոթյունը հիմնադրվել է 1992-ին՝ Jazz warriors հանրահայտ խմբի կոնտրաբասահար Գարի Քրոսբիի կողմից՝ նպատակ ունենալով խրախուսել եւ աջակցել երիտասարդ տաղանդավոր ջազ երաժիշտներին, որոնք ցանկանում են շարունակել իրենց գործունեությունը պրոֆեսիոնալ ջազի ասպարեզում:

«Մենք այստեղ ենք, որ փոխանակենք ջազային մտքեր եւ հասկացություններ, հայ ջազ երաժիշտներից նոր շունչ ստանանք եւ նրանց հետ կիսենք մեր փորձը: Նաեւ կօգնենք նրանց իրենց ջազային ներկայացումներում աֆրիկա-ամերիկյան ջազային ավանդույթներ՝ բլյուզ եւ սվինգ ներմուծել: Այսօր հանդիսատեսը ջազ երաժշտներից պահանջում է ոչ միայն բեմում ջազ նվագել, այլ մի ամբողջական ջազային շոու մատուցել: Այդ առումով էլ հայ երիտասարդ ջազմենները բացեր ունեն, որոնք մենք կփորձենք լրացնել», - ասում է Աբրամ Ուիլսոնը:

«Վերջին երկու օրերը շատ արդյունավետ են եղել: Մենք շատ տպավորված ենք հայ երիտասարդ ջազ երաժիշտների հետ աշխատելուց: Նրանք մեծ ներուժ ունեն եւ, կարծում եմ, հնարավորություն դեպքում լոնդոնյան բազմաոճ ջազային միջավայրում աշխատելը նրանց մեծ օգուտ կբերի: Առհասարակ հայկական ջազը, որին մինչ այժմ առիթ չենք ունեցել ծանոթ լինելու, ես կասեի, բուռն զարգացման ընթացքում է», - ասում է Գարի Քրոսբին:

Հայ երիտասարդ ջազմեններ Արթուրի ու Դավիթի համար էլ բրիտանացի երաժիշտների հետ համագործակցությունը, նախ եւ առաջ, ջազ երաժշտության տարրական էլեմենտներ սովորելու հնարավորություն է: «Մենք շատ ուրախ ենք, որ կան այսպիսի մարդիկ, որոնք օգնում են մեզ բացահայտել ջազի այն կողմերը, որոնց մասին մինչ այժմ մենք գաղափար անգամ չունեինք», - ասում է Արթուրը:

Բրիտանացի երաժիշտների հետ հայ երիտասարդների այս բացառիկ համագործակցության արդյունքը կներկայացվի հայ հանդիսատեսին մարտի վերջին երկու օրերին՝ ջազ համերգների շրջանակներում:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG