Մատչելիության հղումներ

«Պատասխանատու ենք ԱՄՆ-ի հարկատուների առջեւ»


«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գլխավոր համաձայնագիրը արդեն ստորագրված է՝ մոտ 235 միլիոն դոլարի դրամաշնորհ Հայաստանին տրամադրելու վերաբերյալ: Սակայն մինչ աշխատանքների սկիզբը եւ մինչ դրամաշնորհի առաջին չափաբաժնի ստացումը Հայաստանը պետք է ստորագրի եւս 6 իրավաբանական փաստաթուղթ: Յուրաքանչյուր չափաբաժինն ուղարկելուց առաջ պետք է կատարվի մանրամասն ուսումնասիրություն եւ վերլուծություն՝ տվյալ փուլում ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:

«Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի»՝ ՀՄԿ, ծրագրային պատասխանատու Ալեքս Ռասինը հունիս ամսից կտեղափոխվի Հայաստան՝ ստանձնելով ՀՄԿ հայաստանյան ծրագրի ռեզիդենտ տնօրենի պարտականությունները: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանն այսօր կայացած թվային տեսակոնֆերանսի ժամանակ նա Վաշինգտոնից լրագրողներին փոխանցեց, որ իրենք պատասխանատու են Ամերիկայի Միացյալ Նահանգների հարկատուների առաջ՝ դրամաշնորհի նպատակային եւ արդյունավետ օգտագործման առումով:

Արդեն մշակված են դրամաշնորհի իրացման համապատասխան մեխանիզմները: Ինչպես ասաց Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը, ծրագրի իրականացման եւ կառավարման գործում ներգրավվելու են նաեւ հասարակական կազմակերպությունները:

Ընդհանրապես, կորպորացիայի ընդունած սկզբունքների համաձայն, եթե տվյալ երկիրը շեղվում է նախատեսված 16 չափորոշիչներից, ապա դադարեցվում է դրամաշնորհի հատկացումը: 2004 թվականից մինչեւ հիմա այդպիսի մեկ դեպք է եղել՝ դադարեցվել է Եմենին դրամաշնորհի հատկացումը:

Դրամաշնորհը նախատեսված է բացառապես սոցիալական եւ աղքատության նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացման համար:

Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG