Մատչելիության հղումներ

Երիտասարդները մրցում են նախագահական պարգեւի համար


Կամերային երաժշտության տանը ժյուրին լսեց ու գնահատեց «մեներգիչներ» եւ «գործիքային կատարում» անվանակարգերում մրցող մենակատարների, 2-րդ փուլ անցած 7 երիտասարդների: «Մեներգիչ» անվանակարգում նախագահի մրցանակի համար պայքարեցին 5 երիտասարդներ՝ Լիանա Ալեքսանյանը, Արուս Կարապետյանը, Գեւորգ Հակոբյանը, Վազգեն Ղազարյանն ու Անի Սարգսյանը: Սերգեյ Սարաջյանի գլխավորած հանձնաժողովի անդամ Հասմիկ Հացագործյանը մասնակիցների ելույթից հետո նշեց, որ իր սպասելիքներն ավելին էին:

«Սա բավական լուրջ մրցույթ է, լուրջ պարգեւատրմամբ, ես ավելին էի սպասում մեներգիչներից: Գուցե պատճառը տարիքային սահմանափակումն էր, դեռ աճելու տեղ ունեն: Որքան էլ տարօրինակ է, երիտասարդները կաղում էին հատկապես հայկական ստեղծագործություններից», - ասում է Հասմիկ Հացագործյանը:

«Գործիքային կատարում» անվանակարգում մրցում էին Լիլիթ Արտեմյանը՝ դաշնամուր, եւ Մարտին Յավրյանը՝ ջութակ:

Բացի դասական երաժշտության բնագավառից, նախագահը այս տարի առաջին անգամ մրցանակներ է սահմանել 1915 թվականի ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունեցած երիտասարդների համար, ինչպես նաեւ առանձին մրցանակներ՝ կերպարվեստի ու կինոյի բնագավառում:

Մրցույթի առաջին փուլն ընթացել է փակ քվեարկությամբ, ժյուրիի անդամներին հայտնի չեն եղել մասնակիցների անունները: Մրցույթի երկրորդ փուլ անցած 31 մասնակիցներից 24-ը երիտասարդական մրցանակի համար կպայքարի մարտի 28-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնի ցուցասրահում «Կերպարվեստ եւ կինո» մրցույթի թեկնածուների աշխատանքների ընտրական դիտում-ցուցահանդեսում:

Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի մրցույթը կամփոփվի ապրիլ-մայիս ամիսներին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշնորհի մրցանակներ եւ դրամաշնորհներ՝ դասական երաժշտության բնագավառում 5000-ական, իսկ մյուս բնագավառում՝ 2500-ական դոլարին համարժեք դրամ:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG