Մատչելիության հղումներ

Հայաստանը կստանա 235 միլիոն դոլար


Այսօր Վաշինգտոնում Հայաստանն ու «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան կկնքեն համաձայնագիր, որով առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը կստանա 235 միլիոն դոլար՝ գյուղական շրջաններում աղքատությունը կրճատելու, ենթակառուցվածքներն ու ոռոգման համակարգն արդիականացնելու համար: Համաձայնագրի կնքման հանդիսավոր արարողութանը կմասնակցեն արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:

Միացյալ Նահանգների կողմից մեկ տարի առաջ ստեղված այս կորպորացիան նպատակ ունի աջակցել այն զարգացող երկրներին, որոնք կառավարում են արդար, «մարդկային» ներդրումներ են անում եւ կրճատում են աղքատությունը՝ տնտեսության զարգացման շնորհիվ: Կորպորացիան այս չափանիշների իրագործմանը հետեւելու է Հայաստանի հետ համագործակցության հինգ տարիների ընթացքում:

«Արդար կառավարման ոլորտում Հայաստանը որոշ բացթողումներ է ունեցել, եւ շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի ժողովուրդը իմանա. այս ծրագրի շարունակականությունը կախված է այն բանից, թե որքանով Հայաստանը կհետեւի այդ չափանիշներին ոչ միայն այսօր, այլեւ ամբողջ ծրագրի ընթացքում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց կորպորացիայի տարածաշրջանային տնօրեն Ալեքս Ռասինը:

Հայաստանի նախագահին ուղղված նամակում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջոն Դանիլովիչը արդեն մեկ անգամ մտահոգություն է հայտնել՝ Սահմանադրության հանաքվեի ընթացքում տեղ գտած բացթողումների եւ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում դրամական օժանդակություն ստանալու համար երկիրը պետք է համապատասխանի շուրջ 16 չափանիշների, հակառակ դեպքում հիմնադրամը կարող է վերանայել իր որոշումը», - ասում է Ալեքս Ռասինը

«ԱՄՆ-ի Կոնգրեսը երաշխավորում է հիմադրամի համար տրամադրված գումարները, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ արդար կառավարման չափանիշներին չհետեւելու դեպքում օժանդակությունը կշարունակվի: Եթե Հայաստանը հետագայում շեղվի արդար կառավարման այդ չափանիշներից որեւէ մեկից, հնարավոր է, որ ծրագիրը դադարեցվի», - եզրափակեց «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Ալեքս Ռասինը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG