Մատչելիության հղումներ

Ճարտասանության լավագույն երիտասարդ վարպետները կմեկնեն Լոնդոն


Մրցույթի կազմակերպիչները առաջնահերթ են համարում ոչ թե անգլերենի իմացությունը, այլ մտքերը ազատ ու անկաշկանդ արտահայտելու կարողությունը: «Մենք մրցույթը կարեւորում ենք հատկապես այն առումով, որ այն որոշ չափով նպաստում է մեր երիտասարդների շրջանում ճարտասանության վարպետության զարգացմանը: Բացի այդ, մրցույթը հնարավորություն է տալիս երիտասարդներին իրենց կարծիքը հայտնել գլոբալ հարցերի շուրջ ու սովորել այդ կարծիքը մատուցել», - ասում է անգլերեն խոսողների միության նախագահ Կարինե Հակոբյանը:

Այս տարվա մրցույթի թեման է՝ «Քարտեզագրելով համընդհանուր ապագան»: Ելույթը ներկայացվում է անգլերենով, տեւողությունը չպետք է գերազանցի 4-5 րոպեն: Ելույթին հաջորդում է նաեւ կարճ բանավեճ: Կարինե Հակոբյանի խոսքով, բարձր են գնահատվում այն ելույթները, որոնք նոր խոսք են պարունակում, համարձակ են եւ հիմնված են ազնիվ ու բարի գաղափարների վրա:

Մրցույթին կարող են մասնակցել 16-20 տարեկան Հայաստանի քաղաքացիները: Պարտադիր պայմաններից մեկն այն է, որ մասնակիցը լինի կամ աշակերտ, կամ որեւէ բուհի ուսանող:

Եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 12-ին, երբ հայտնի կդառնան երկու հաղթողները, ովքեր էլ կմեկնեն Լոնդոն՝ անգլերեն խոսողների միջազգային մրցույթին, որին մասնակցում են մոտ 40 երկրների երիտասարդներ: Անգլերեն խոսողների միության փոխնախագահ Նունե Բեքարյանի խոսքով, նախորդ տարիներին մեր երիտասարդները միջազգային մրցությում բավական լավ արդյուքների են հասել՝ գրավելով չորրորդ-հինգերորդ տեղերը:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG