Մատչելիության հղումներ

ԱՊՀ-ի երկրները զինվում են


Տարբեր երկրների տարեցտարի ավելացող ռազմական բյուջեները վկայում են, որ աշխարհը շարունակում է սպառազինվել: Այս առումով հետ չեն մնում նաեւ նախկին Խորհրդային Միության հանրապետությունները:

«Եվրասիա» պարբերականի փոխանցմամբ, ԱՊՀ-ի անդամ 12 երկրների ընդհանուր ռազմական բյուջեն մեկ տարվա ընթացքում ավելացել է շուրջ 20 տոկոսով. եթե անցած տարի ԱՊՀ-ի երկրները պաշտպանության ոլորտի վրա ծախսել են մոտ 22,5 միլիարդ դոլար, այս տարի այդ ցուցանիշը անցնելու է 29 միլիարդից:

Առատաձեռնությամբ աչքի է ընկնում Ադրբեջանը, որը այս տարի կրկնապատկել է ռազմական բյուջեն՝ հասցնելով այն 600 միլիոն դոլարի: Վրաստանը նույնպես բազմապատկել է այս ոլորտի ծախսերը՝ մոտ 80 միլիոն դոլարից հասցնելով մինչեւ 240 միլիոնի: Սակայն, ինչպես նշում են վերլուծաբանները, այդ համարձակ քայլը կատարվել է ոչ թե ի հաշիվ ակնկալվող տնտեսական աճի, այլ՝ սոցիալական ներդրումների ու կարիքների:

Հայաստանը, ըստ պաշտոնական տվյալների, այս նպատակների համար ծախսում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3 տոկոսը՝ մոտ 150 միլիոն դոլար: Ընդ որում, Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի վերջի հայտարարության համաձայն՝ «այս ցուցանիշը կարող է վերանայվել»:

Վերլուծաբանների գնահատականներով, այս տարի համեմատաբար հարստացել են նաեւ Ուզբեկստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ռազմական բյուջեները: Այս առումով «ամենախաղաղասերները» ԱՊՀ-ի տարածքում, թերեւս, Ղազախստանը, Տաջիկստանն ու Բելառուսն են, որոնք պաշտպանության ոլորտին տրամադրում են ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսը: «Ամենախաղաղասերների» ցուցակը, սակայն, գլխավորում է Թուրքմենստանը, որը ռազմական ոլորտի վրա ծախսում է ընդհանուր բյուջեի ընդամենը 0,5 տոկոսը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG