Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը անվճար կցուցադրվի Լոս Անջելեսի կինոթատրոնում


Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը ապրիլի 17-ին անվճար կցուցադրվի Լոս Անջելեսի կինոթատրոններից մեկում: 650 հազար դոլար արժողությամբ կինոժապավենը ամբողջությամբ ֆինանսավորել են ամերիկահայ կազմակերպությունները:

Ֆիլմի հեղինակը, ով հատկացրել է կինոթատրոնը վարձելու համար անհրաժեշտ 10 հազար դոլարի գերակշիռ մասը, ասել է՝ «Մենք ամբողջ օրը եւ գիշերը կցուցադրենք ֆիլմը այնքան, որքան զգանք դրա անհրաժեշտությունը»:

Նույն օրը «Հայոց ցեղասպանություն» կինոնկարը ցուցադրվելու է նաեւ Հանրային հեռարձակման ծառայության եթերում, սակայն դրանից հետո ցուցադրվելու է նաեւ ցեղասպանության շուրջ բանավեճ, որին բացի հայ համայնքի երկու ներկայացուցիչներից մասնակցելու է նաեւ ցեղասպանությունը ժխտող երկու պատմաբան:

Ամերիկահայերը անընդունելի են համարում Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճը, քանզի համոզված են, որ ցեղասպանությունը անհերքելի փաստ է:

ԱՄՆ-ի Հանրային հեռարձակման ծառայության Լոս Անջելեսի մասնաճյուղը հրաժարվել է Գոլդբերգի ֆիլմը ցուցադրել առանց բանավեճի, ինչից հետո Գոլդբերգը որոշել է վարձել հայաշատ Լոս Անջելեսի կինոթատրոնը եւ ցուցադրել իր կինոնկարն անվճար:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG