Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյան՝ «Արեւմուտքը նախագահության երկու թեկնածու է դիտարկում դիմադիր դաշտում»


«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի կարծիքով՝ Արեւմուտքը հաջորդ նախագահական ընտրություններից առաջ դիմադիր դաշտում աշխատում է երկու հավանական թեկնածուների հետ, որոնցից մեկը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է: «Մյուս թեկնածուն, որի հետ հիմա մեծ աշխատանք է տարվում, նույնպես իշխանության մաս է կազմում, եւ, որքանով ես տեղեկացված եմ, նրան սատարում է Ռոբերտ Քոչարյանը», ենթադրություն արեց Արամ Կարապետյանը:

Նա խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանին հաջորդ ընտրություններում իր հավանական հակառակորդին փնտրել ոչ թե ընդդիմադիր, այլ հենց դիմամիր դաշտում: Դիտորդներից ոմանք համոզված են, որ այդ թեկնածուն Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն է:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարը նաեւ կարծիք հայտնեց, որ Արեւմուտքը զգուշավոր է վերաբերում ընդդիմության հավանական թեկնածուներին, քանի որ «ժամանակին նրանք խոստումներ են տվել, նույնիսկ գումարներ ստացել, բայց չեն կատարել խոստումները»:

Արամ Կարապետյանի կուսակցությունը իր գարնանային արշավը մտադիր է սկսել բաց համաժողովով, որը ապրիլի 4֊ին կայանալու է Մատենադարանի առջեւ, քանզի Կառավարության տան դահլիճը կուսակցությանը հրաժարվել են տրամադրել, իսկ Կինոյի տանը շինարարական աշխատանքներ են ընթանում: Այնուհետեւ կուսակցությունը ծրագրում է ավտոշարասյուններով ակտիվ աշխատանք ծավալել շրջաններում:

Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG