Մատչելիության հղումներ

«Գործազրկության մակարդակը տաեսկզբի համեմատ իջել է 1,5 տոկոսով»


Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն իջել է պաշտոնական գործազրկության մակարդակը, սակայն, բավարար եկամուտ բերող աշխատանքով մարդկանց ապահովվածության խնդիրը այսօր էլ նույնքան հրատապ է, որքան նախկինում։ Այդուհանդերձ, Զբաղվածության հանրապետական ծառայության պետ Սոնա Հարությունյանի հավաստմամբ, այս տարվա փետրվարի վերջի դրությամբ գործազրկության մակարդակը Հայաստանում տարեսկզբի համեմատ մեկ ու կես տոկոսային կետով իջել է։

Վերջին տվյալներով` Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 116 հազար մարդ, իսկ նրանցից պաշտոնապես գործազուրկի կարգավիճակ է ստացել ընդամենը 88 հազարը։ Գործազրկության մակարդակն, այդպիսով, ընդամենը 7,7 տոկոս է, ինչին կնախանձեին նույնիսկ որոշ զարգացած եւրոպական երկրներ, ասենք՝ Գերմանիան, որի աշխատունակ բնակչության շուրջ 10 տոկոսը գործազուրկ է։ Կառավարության նիստից հետո տրված ճեպազրույցում Սոնա Հարությունյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի՝ որքանո՞վ են արժանահավատ զբաղվածության պատկերն արտացոլող այս թվերը, արդյո՞ք Հայաստանում գործազրկությունը, մասնագիտական լեզվով ասած, մոտ է «բնական մակարդակին» հարցին՝ ասաց. «Աշխատանքային միգրացիայի արդյունքում աշխատունակ բնակչության մի մասը բացակայում է հանրապետությունից, այսինքն նրանց ներկայության դեպքում մենք կունենայինք ավելի բարձր գործաարկության մակարդակ: Կամ գործազուրկների մի մասը պարզապես չի դիմել կենտրոնին եւ չի հաշվառվել»:

Այդուհանդերձ, ծառայության պետը փոխանցեց, որ հատկապես վերջին շրջանում, երբ ակտիվացել են գործազուրկների մասնագիտական վերապատրաստման ծրագրերը, ինչպես նաեւ ավելացել է գործազրկության նպաստը, փաստացի գործազուրկ մարդկանց մի մասը դիմում է զբաղվածության ծառայություն՝ հույս ունենալով աշխատանք կամ թեկուզ գործազրկության նպաստ ստանալ։ Ներկայումս գործազուրկին վճարվող նպաստը 9 հազար դրամ է, այնինչ երկու տարի առաջ այն ընդամենը 3900 դրամ էր։ Տիկին Հարությունյանի փոխանցմամբ, գործազուրկների ավելի քան 70 տոկսը կանայք են, ինչը լուրջ պրոբլեմներ է ստեղծում:

Այդուհանդերձ, այսօր աշխատանք չունեցող, եւ նույնիսկ աշխատատեղերում զբաղված մարդկանցից շատերի «աչքը դուրսն» է, որտեղ, ենթադրվում է՝ ավելի բարձր վաստակ կարելի է ունենալ։ Հայաստանում այսօր միջին աշխատավարձը մոտ 55 հազար դրամ է, կամ դոլարային համարժեքով շուրջ 120 դոլար։ Ասենք, շինարարությունում բարձր որակավորման զոդող բանվորը Հայաստանում կարող է ամսական վաստակել լավագույն դեպքում 250-ից 300 դոլար, այնինչ, ասենք, Ռուսաստանում նույն աշխատանքի դիմաց նա առնվազն երեք անգամ ավելի կարող է վաստակել։

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG