Մատչելիության հղումներ

«Հայաստանի իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում դեռ շատ անելիք ունեն»


Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով զբաղվող ԳՐԵԿՕ կազմակերպության բյուջետային եւ վարչական հարցերի պատասխանատու, Հայաստանը գնահատող խմբի քարտուղար Կառլո Չիեռոմոնտեն «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում դժվարացավ ասել, թե արդյոք Հայաստանի իշխանությունները իսկապես կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք ունեն, թե՝ ոչ, նշելով, թե դա շատ նուրբ հարց է:

«Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի քայլեր արդեն ձեռնարկել է, մի մասն իրագործման ընթացքում է, բայց Հայաստանի զեկույցը ցույց է տալիս, որ դա բավարար չէ, եւ դեռ շատ անելիքներ կան: Այդ նպատակով ԳՐԵԿՕ-ն 24 առաջարկ է ներկայացրել Հայաստանին, ինչն այլ երկրների համեմատ շատ է», ասաց Հայաստանը գնահատող խմբի քարտուղարը:

Ամենագլխավոր խնդիրը, ըստ Կառլո Չիեռոմոնտեի, Հայաստանում դատարանների եւ իրավապահ մարմինների կախվածությունն է գործադիր իշխանությունից:

«Մեր այցերի ժամանակ այն զգացողություն ենք ունեցել, որ դատավորները, դատախազները անհրաժեշտ անկախությունը չունեն գործադիր իշխանությունից, որպեսզի լիարժեք իրականացնեն իրենց գործառույթները », ասաց Կառլո Չիեռոմոնտեն:

Դատարանների ու իրավապահ մարմինների լիարժեք անկախությունն ապահովելուց բացի, կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու համար ԳՐԵԿՕ-ն Հայաստանի իշխանություններին առաջարկել է պետական պաշտոնյաների համար հատուկ վերապատրաստման դասընթացներ կազմակերպել:

Հայաստանը գնահատող խմբի քարտուղարի համոզմամբ, պետք է ապահովել այն մարմինների անկախությունը, որոնք լիազորված են պայքարել կոռուպցիայի դեմ, այսինքն քրեական գործեր հարուցել կոռումպացված անձանց դեմ եւ պատասխանատվության ենթարկել նրանց:
«Հայաստանի իշխանությունները 18 ամիս ունեն այս առաջարկները իրագործելու համար, եւ նրանք մեզ խոստացել են դրանք կատարել 100 տոկոսով», ասաց նա եւ խոստացավ 18 ամիս անց գնահատել, թե ինչպես են այդ պարտավորությունը կատարել ՀՀ իշխանությունները:

Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG