Մատչելիության հղումներ

Միջազգային ճգնաժամային խումբը Եվրամիությանը հորդորում է ավելի ակտիվ զբաղվել հակամարտությունների կարգավորմամբ


Միջազգային ճգնաժամային խումբը մարտի 20-ին հրապարակել է մի նոր վերլուծություն, որում ասվում է, որ Հարավային Կովկասի հակամարտությունները սպառնում են Եվրամիության անվտանգությանը: Խումբը Եվրամիությանը հորդորում է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել այդ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:

«Եվրամիության նոր հարեւանների տարածաշրջանում հիմա ոչ խաղաղություն է, ոչ պատերազմ, Եվրամիության հեղինակությունը կտուժի, եթե այն չիրականացնի անվտանգ հարեւանություն ապահովելու իր ռազմավարական ծրագիրը: Ավելին, եթե Հարավային Կովկասի հակամարտությունները շարունակեն սրվել՝ կարող են սկսվել պատերազմներ, եւ Եվրամիությունը պատրաստ չի լինի արձագանքել»,- այս տեսակետն է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Նիքոլաս Ուայթը:

«Բրյուսելը դեռ նոր է սկսում ակտիվ մասնակցություն բերել, որոշ խոստումնալից քայլեր արդեն արվել են, սակայն դեռ պետք է երկար ճանապարհ անցնել»,- ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի համեմատությամբ Եվրամիության քաղաքական եւ ֆինանսական մասնակցությունը տարածաշրջանի անցուդարձին մինիմալ է: Եվ այնուամենայնիվ, Եվրամիությունը՝ մնացյալ «դերակատարների» համեմատությամբ կարող է դիտվել իբրեւ անկողմնակալ միջնորդ, որը չի մասնակցում Ամերիկայի ու Ռուսաստանի միջեւ ազդեցության համար մղվող ավանդական պայքարին: Ավելին, ըստ վերլուծության հեղինակների, Եվրամիությունը երեք երկրներին կարող է շահագրգռել Եվրոպային ավելի խորը ինտեգրման հեռանկարով: Միջազգային ճգնաժամային խմբի համոզմամբ, Եվրամիությունը պետք է լրացնի ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ջանքերը տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման խնդրում:

Վերլուծությունում ասվում է, որ դժվար թե առաջիկայում Եվրամիությունը անդամակցություն առաջարկի Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին, բայց չնայած այդ հանգամանքին, Եվրոպական միությունը՝ օգնություն հատկացնելիս պետք է որոշակի պայմաններ պարտադրի եւ իր ազդեցությունը գործադրի: Դա Եվրամիությանը կընձեռի առավել ընդարձակ դերակատարություն ապահովելու հնարավորություն, հատկապես եթե հակամարտությունների խաղաղ կարգավորումը դիտվի իբրեւ համագործակցության նախապայման:

Ղարաբաղին վերաբերող հատվածում Միջազգային ճգնաժամային խումբն ավելի ակտիվ քայլերի կոչ է անում: Բանակցային գործընթացը տեղից չի շարժվում, վիճակն օրըստօրե ավելի վտանգավոր է դառնում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, Միջազգային ճգնաժամային խումբը Եվրամիությանն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ քննարկվող համաձայնության կայացմանը սպասելու փոխարեն պատրաստվել անկանխատեսելի զարգացումների պարագայում խաղաղություն ապահովելուն:

Եվրամիությունը պետք է նպաստի փոխզիջման սկզբունքով Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Նպատակահարմար կլինի, որ Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչը՝ դիտորդի կարգավիճակով մասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին:

Երեւանում եւ Բաքվում պետք է ապահովել Եվրահանձնաժողովի լիակազմ պատվիրակությունների գործունեությունը: Տարածաշրջանում հարկ է վարել աշխատանք՝ ներկայացնելու համար Եվրամիությունը, եվրոպական արժեքները, հաստատությունները, ծրագրերը, հակամարտությունների կարգավորման կարողությունները:

Կացությունն ուսումնասիրելու համար պետք է տարածաշրջան գործուղել քաղաքացիական եւ զինվորական առաքելություններ, ինչը կխթանի բանակցային գործընթացը:

Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է պարտավորվեն միայն խաղաղ ճանապարհով եւ առանց ձգձգելու լուծել խնդիրը, հարկ է աստիճանաբար ազատել գրավյալ տարածքները, ապահովել փախստականների վերադարձը, վերաբացել տրանսպորտային եւ առեւտրային ուղիները եւ հանրաքվեի միջոցով վճռել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:

Առաջարկվում է խաղաղապահների տեղակայում Ղարաբաղում եւ դրա շուրջ: Զինվորականներից բացի, առաջարկվում է տեղակայել նաեւ քաղաքացիական առաքելություն: Այդ թիմը պետք է զբաղվի միջնորդությամբ, քաղաքական հարցերով, մարդու իրավունքների, մամուլի եւ այլ հարցերով:

Երկու կողմերը պետք է կառավարությունների եւ հասարակական կազմակերպությունների ջանքերով քայլեր ձեռնարկեն հաշտության, փոխադարձ վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ:

Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբանների համոզմամբ, Հայաստանը պետք է Լեռնային Ղարաբաղի գործող իշխանություններին համոզի որդեգրել վերը նշված սկզբունքները:

Վերլուծությունում նշվում է, որ Եվրամիության հետ Նոր հարեւանության նախաձեռնության շրջանակներում Անհատական գործակցության ծրագրերը պետք է նպաստեն հակամարտությունների մեջ ներքաշված երկրներում իսկական դեմոկրատիայի հաստատմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի իշխանության կայացմանը, ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը:

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG