Մատչելիության հղումներ

Հայաստանը նաեւ բարբառների երկիր է


Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զավեն Ավետիսյանն ասում է, որ բարբառների գոյությունն արդարացված է, եւ բացառվում է, որ բոլորի կողմից գրական հայերենն անփոփոխ գործածվի: Բացի այդ, ժամանակի ընթացքում հաջողված բարբառային բառերն ու արտահայտություններն անցնում են գրական լեզու եւ հարստացնում այն:

Հայկական բարբառների ստեղծման ստույգ ժամանակը հայտնի չէ անգամ լեզվագետներին: Մովսես Խորենացու աշխատություններում բարբառների ծագման շրջան է նշվում հինգերորդ դարը, սակայն այսօր լեզվաբաններն ասում են, որ այդ թվականը ստույգ չէ, քանի որ, նրանց համոզմամբ, բարբառները ձեւավորվել են հենց լեզվի ծագման հետ, սակայն սկսել են անջատվել ու ինքնուրույն զարգանալ՝ քաղաքական իրադարձություններին համընթաց: Դրանց առանձնացմանը հատկապես նպաստել են նախարարական տների մեկուսացումն ու հակամարտությունները միմյանց հետ: Զավեն Ավետիսյանն ասում է, որ պակաս դեր չի խաղացել նաեւ երկրի աշխարհագրական դիրքը.

Աշխարհում բարբառների նման շատ են նաեւ լեզուները: Ավելի շատ լեզու կա, քան ժողովուրդ: ժողովուրդները համարյա 1300 են, իսկ լեզուները՝ 3000-ը: Ի դեպ, այս ցուցանիշի մեջ չեն մտնում մեռած լեզուները: Օրինակ, Սուդանում գոյություն ունի 117 լեզու, Կոնգոյում՝ 500, Ինդոնեզիան ունի 250 լեզու: Դաղստանում բնակվում է մոտ 1 միլիոն մարդ, որոնք խոսում են ավելի քան 60 լեզվով: Վիճակագրական տվյալների համաձայն, մեկ պետության կազմում ամենաշատ լեզուների ռեկորդը Հնդկաստանինն է. այստեղ բնակչությունը խոսում է 800 լեզվով: Միայն Բոմբեյ քաղաքում բնակչությունը խոսում է 70 լեզվով:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG