Մատչելիության հղումներ

Աղասի Արշակյան «Ես իմ պետությանն ու ժողովրդին մաղթում եմ այնպիսի ընտրություններ, ինչպիսիք Բելառուսում կայացան»


Մինսկում Հայաստանի դիվանագիտկան ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանի պնդմամբ՝ «Բելառուսն ընտրել է զարգացման յուրահատուկ մոդել. անցում փլուզումից դեպի կազմակերպված պետություն»:

Հայաստանի Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավոր, «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը Բելառուսի Պետական hեռուստատեսության հարցազրույցում ասել է՝ «Ձեր հպարտ ժողովուրդը կատարեց իր ճիշտ ընտրությունը: Կարող եմ միայն շնորհավորել ձեզ այդ ընտրության առթիվ, հայտնել իմ գոհունակությունը եւ ցանկանալ, որ մեր երկրում նման ընտրություններ կայանան»:

Նման գնահատական է հնչեցրել Հայաստանի ներկայացուցիչը կիրակի օրը Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքնում ձայների գերակշիռ մեծամասնությամբ նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյո՞ք Բելառուսի ընտրությունների դրական գնահատականը կուսակցության տեսակետն է, թե պատգամավորի անձնական նախասիրությունների արդյունքը, պատասխանեց. «Դա Աղասի Արշակյանի տեսակետն է: Կուսակցությունը այնտեղ մարդ չի գործուղել, որ հետո էլ ինքն իր գնահատականը տա»:


Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների ընթացքին հետեւում էր ավելի քան 1500 միջազգային դիտորդ: Եվրոպացի դիտորդները, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչները, մարտի 19-ի քվեարակությունը գնահատեցին որպես «անասելի վատ»՝ բնութագրելով այն որպես «անհավասար պայքար իշխանության ու ընդդիմության միջեւ»: Եվրամիությունը խոստացավ պատժամիջոցներ կիրառել՝ ճիշտ է հստակեցնելով, որ դրանք չպետք է հարվածեն շարքային բելառուս քաղաքացիներին: Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների խոսքով պատժամիջոցների թիրախը ընտրական կեղծիքների համար պատասխանատու պաշտոնյաները կլինեն:

Գեւորգ Սամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG