Մատչելիության հղումներ

Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը վերածվել է ռազմական հրաձգարանի


Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, Հին Ջուղայի (Նախիջեւան) հայկական գերեզմանատունը, արժանանալով Պոմբլոզի Ժամի, Սուրբ Ամենափրկիչ Վանքի եւ Կարմիր Եկեղեցու ճակատագրին, ամբողջովին ոչնչացվել է եւ վերածվել ռազմական հրաձգարանի:

Ականատեսների վկայությամբ, անցյալ տարվա դեկտեմբերին Հին Ջուղայի նախկին 10.000-ի հասնող խաչքարերի մնացորդները՝ շուրջ 3500 խաչքարերը ամբողջությամբ ոչնչացնելուց եւ դրանց ջարդած բեկորները հայկական հին գերեզմանատնից հեռացնելուց հետո, մարտի սկզբներին այդ տարածքները ադրբեջանական զինվորականության կողմից վերածվել են ժամանակակից ռազմական հրաձգարանի։

Փետրվարի 16-ին Եվրախորհրդարանը ընդունել էր խնդրին վերաբերող առանձին բանաձեւ, որը խստորեն դատապարտում է երեւույթը եւ Ադրբեջանին առաջադրում է հստակ պահանջներ:

«Նշվում է, որ 2002 թվականին ավերման առաջին դեպքից հետո Ադրբեջանը չի արձագանքել ՄԱԿ-ի հատուկ զեկուցագրերում արծարծված կոչին: Բանաձեւում Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ջուղայի խաչքարերի ավերումը, Ադրբեջանից պահանջում է թույլատրել, որ մասնագետները եւ Եվրախորհրդարանի պատվիրակները այցելեն Ջուղա եւ տեղում ստուգեն պատահածը», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր Եվրոպայի հայկական ընկերակցության նախագահ Հիլդա Չոբոյանը:

Հունվարին եվրոպական հարեւանության քաղաքականության մասին զեկույցում Եվրախորհրդարանի պատգամավորները Ադրբեջանին հորդորել էին վերջ դնել Նախիջեւանի հարավում հայկական միջնադարյան տապանաքարերի եւ պատմական խաչքարերի ավերմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG