Մատչելիության հղումներ

Հայ պատմաբանները չեն մասնակցում ստամբուլյան գիտաժողովին


Այսօր մեկնարկում է Ստամբուլի համալսարանի նախաձեռնած՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը, որը, ըստ թուրք մասնագետների, պետք է լույս սփռի «հայկական հարցին առնչվող որոշ խնդիրների վրա»: Գիտաժողովին հրավիրել են նաեւ հայ պատմաբանների, ովքեր, սակայն, հրաժարվել են մասնակցել:

«Մենք ստացել ենք հրավերները եւ մերժել ենք: Հայաստանի պատմաբանների մոտեցումը հետեւյալն է՝ որեւէ գիտական միջոցառում, որտեղ հարցականի տակ է դրվում Ցեղասպանության փաստը, հեռու է գիտությունից: Իսկ Ստամբուլի համալսարանի գիտաժողովի մասնակիցների մի մասը մարդիկ են, ովքեր կեղծում են պատմական իրողությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա կարծիքով, թուրքական կողմն ամեն կերպ ջանում է Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել պատմաբանների քննարկման ոլորտ: Մասնակցել նման գիտաժողովին, ըստ Սաֆրաստյանի, նշանակում է տուրք տալ թուրքերի տեսակետին եւ այդպիսով կասկածի տակ դնել հայկական կողմի դիրքորոշումը:

«Գիտաժողովին մասնակցող մի խումբ թուրք պատմաբաններ մերժում են Հայոց ցեղասպանության փաստը, եւ դա արդեն պատմագիտություն չէ: Ինչպե՞ս կարող է պատմաբանը բանավեճի մեջ մտնել, օրինակ, Յուսուֆ Հալաչօղլուի հետ, ում նկատմամբ պատմական իրականությունը ժխտելու համար Շվեյցարիայում քրեական գործ է հարուցվել», - ասաց Ռուբեն Սաֆրաստյանը՝ շեշտելով, թե բոլորի անունից խոսել չի կարող եւ հայտնում է միայն իր տեսակետը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG