Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդն ու Սթիվեն Մաննը բանակցել են Բաքվում


Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը երեքշաբթի օրը Բաքվում հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւի, ինչպես նաեւ «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների հետ: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները Ադրբեջանի մայրաքաղաքում արծարծել են նաեւ Ղարաբաղի թեման:

«Հարկ է որքան հնարավոր է արագ սկսել ադրբեջանական տարածքներ ադրբեջանցի փախստականների վերադարձի գործընթացը: Պատերազմն աղետ կլինի բոլորի համար», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մաննը վերստին նշել է, որ 2006-ին, այնուամենայնիվ, հնարավոր է որոշակի լուծումներ գտնել. - «Ինձ համար ակնայտ է, որ յուրաքանչյուր կողմ ունի 2006-ին իր երկրի եւ ժողովրդի համար էական օգուտներ քաղելու հնարավորություն: Եթե իրատես լինենք՝ կողմերից եւ ոչ մեկն ի զորու չի լինի ապահովել իր պահանջածի 100 տոկոսը, սակայն, որպես բանակցային գործընթացի անմիջական մասնակից, կարող եմ վստահեցնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են՝ յուրաքանչյուրն իր համար, հասնել այնպիսի նվաճումների, որոնք թե' մեկ, թե' մյուս ժողովրդի կողմից միանշանակ կարժանանան հավանության»:

Երեկ երեկոյան Դենիել Ֆրիդն ու Սթիվեն Մաննը Բաքվից մեկնել են Թբիլիսի, այսօր կլինեն Երեւանում, իսկ մարտի 16-ին ամերիկացի դիվանագետները կմեկնեն Անկարա:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG