Մատչելիության հղումներ

Արգելվել է «Թալեաթ Փաշա շարժում» կոմիտեի հակահայկական արշավը Բեռլինում


Գերմանիայի թուրքական կազմակերպությունների, մասնավորապես Բեռլինի «Թալեաթ Փաշա շարժում» կոմիտեի՝ լայնորեն գովազդված արշավն ընդդեմ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի չի կայանա:

1921 թվականի մարտի 15-ին հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ Փաշային:

Նախատեսված էր, որ հանրահավաքներն ու քայլարշավները կմեկնարկեն այսօր եւ գագաթնակետին կհասնեն մարտի 18-ին՝ Բեռլինում: Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանապետը, սակայն, արգելել է ցույցի անցկացումը:

«Այս մերժումը հիմնավորված է նաեւ հուլիսին՝ Բունդեստագի կողմից ընդունված որոշմամբ, որը դե ֆակտո ճանաչում է ցեղասպանության փաստը, թեեւ այդ բառը այնտեղ չի նշվում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հայագետ Տեսսա Հոֆմանի ղեկավարած «Ճանաչում» աշխատանքային խմբի փոխատենապետ Գայանե Ափինյանը:

«Ճանաչում» խմբի փոխատենապետը չի բացառում, որ թուրքական արշավի կազմակերպիչները կարող են դատական կարգով բողոքարկել ոստիկանության որոշումը՝ «հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչ հսկայական թվով մարդկանց են նրանք հրավիրել Թուրքիայից եւ մյուս երկրներից՝ մասնակցելու այս ցույցերին»: Մյուս կողմից, Գայանե Ափինյանը այս խնդրի դատարան հասնելը համարում է քիչ հավանական, քանի որ «ոստիկանապետի որոշումը լավ հիմնավորված է»:

Թուրքական կազմակերպությունների այս ձեռնարկին աջակցել էին Թուրքիայի գործող ու նախկին նախագահներ Ահմեդ Նեջեթ Սեզերը եւ Սուլեյման Դեմիրելը, իսկ ցույցերին մասնակցելու իր մտադրության մասին հայտնել էր Հյուսիսայի Կիպրոսի նախկին նախագահ Ռաուֆ Դենքթաշը: Գերմանահայ ակտիվիստները նման պարագայում չեն բացառում, որ թուրքական կազմակերպությունները կարող են փորձ կատարել՝ շրջանցել արգելքն ու չարտոնված հավաքներ անկացնել:

«Ըստ իս, ոչինչ բացառել հնարավոր չէ: Իհարկե, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի չարտոնված ոչ մի միջոցառում չկազմակերպեն», - եզրափակեց Գայանե Ափինյանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG