Մատչելիության հղումներ

Պատերազմի վերսկսումը հավանական չեն համարում ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները


Չնայած հաճախակի դարձած հրադադարի խախտումներին՝ իշխանական ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու ընդդիմադիր Ալբերտ Բազեյանը պատերազմի վերսկսկման մոտալուտ վտանգ չեն տեսնում: Նրանք չեն արձանագրում նաեւ տեղաշարժեր Ռամբույեի բանակցությունից առաջ ու հետո եւ երկուսն էլ կարծում են, որ Հայաստանի հիմնական անելիքը ներքին քաղաքական ու բարոյահոգեբանական վիճակի բարելավումն ու առողջացումն է:

Ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները՝ «Հայելի» ակումբում այսօր առաջ քաշված հարցերի մեծ մասի շուրջ տարակարծություններ չէին արտահայտում: Մեկնաբանելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները, թե բանակցությունների ձախողման դեպքում Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, Ալբերտ Բազեյանն ասաց, որ նման մոտեցումը վաղաժամ է եւ վտանգավոր:

«Ալիեւի հայտարարություններից մեկում հնչեց, որ հարյուր տարի հետո էլ Ղարաբաղը չի կարող լինել անկախ Ադրբեջանից: Սա նշանակում է, որ իմաստազուրկ են բոլոր քննարկումները ապագա հանրաքվեի վերաբերյալ: Եվ ընդհանրապես՝ եթե հակառակ կողմը որեւէ զիջում անելու պատրաստակամություն չի հայտնում, ապա ինչի՞ շուրջ ենք մենք բանակցում», - ասաց Բազեյանը:

Գալուստ Սահակյանը, ով, ի տարբերություն Բազեյանի, ասում էր, որ վերջին տարիներին ի օգուտ հայկական կողմի տեղաշարժերն ակնառու են, իր հերթին գտնում է. - «Չեմ կարծում, թե երկու երկրների նախագահների հանդիպումները միտված են փաստաթուղթ ստորագրելուն. նման խնդիր չի դրված: Պարզապես փորձ է կատարվում դիրքորոշումների միջոցով... ստեղծել համապատասխան փաստաթուղթ, որը, բնականաբար, կքննարկվի ե’ւ Հայաստանում, ե’ւ Ղարաբաղում, եւ բոլորս հնարավորություն կունենանք մեր կարծիքներն ասելու»:

Իսկ Ռամբույեի հետ կապված՝ Սահակյանը ասաց, թե, ինչպես եւ ինքը կանխատեսում էր, այնտեղ որեւէ բան չի եղել եւ չէր էլ կարող լինել, քանի որ խոսքը վերաբերում էր Ղարաբաղի անկախությանը:

Գալուստ Սահակյանի կարծիքով, այսօր Ղարաբաղը լավ կարգավիճակ ունի. մնում է, որ այն ձեւակերպվի իրավաբանորեն: Միջազգային հանրությունն ընդունել է Ղարաբաղի անկախության փաստը եւ դրա մասին են վկայում մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ տարբեր պետությունների՝ «անմիջապես Լեռնային Ղարաբաղի հետ տնտեսական հարաբերությունների մեջ մտնելը»:

Հանրապետական կուսակցության ղեկավար անդամի համոզմամբ՝ հակամարտությունը պատերազմով չի լուծվի: Ալբերտ Բազեյանը նույն կարծիքին է. նա գրեթե անհնար է համարում պատերազմի վերսկսումը, քանի որ չկան նախապայմաններ ու դա նաեւ ձեռնտու չէ միջազգային հանրությանը:

«Գործընթացը դոփում է տեղում. սա իրողություն է: Եվ եթե այսպես շարունակվի, ակնհայտ է, որ ապագայում հաղթելու է այն կողմը, կամ այն ժողովուրդը կամ պետությունը, որը իր ներքին խնդիրները ավելի ճիշտ կլուծի. տնտեսությունը կզարգացնի, հասարակության համախմբում կձեւավորի», - պարզաբանեց Բազեյանը:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG