Մատչելիության հղումներ

Նշվեց Եղիշե Չարենցի ծննդյան տարեդարձը


Այսօր բազմաթիվ մտավորականներ, մշակույթի գործիչներ, երիտասարդներ ու դպրոցականներ հավաքվել էին հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ՝ նշելու բանաստեղծի ծննդյան 109-րդ տարեդարձը:

«Չարենցի արդիականության գաղտնիքը նրա հանճարի հզոր ուժն է, իր իսկ բառերով ասած՝ նետի ահագնությունը եւ ժամանակի ու իրականության թիրախին անվրեպ կամքը եւ տաղանդը», - դիմելով հավաքվածներին, ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

«Չարենցի արդիականությունը ապացուցվում է հենց այս օրով, երբ այսքան շատ աշակերտներ, երիտասարդներ են հավաքվում այս հուշահամալիրի առջեւ, որպեսզի կրկին խոնարհվեն հանճարի հիշատակի առջեւ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: - «Գերեզման չկա դժբախտաբար, ուստի մենք ամեն տարի միշտ հավաքվում ենք այստեղ»:

Գրականագետ Ալմաստ Զաքարյանը Չարենցին այսօր էլ «առաջին արդիական բանաստեղծն է» համարում: «Դեռ մենք պետք է արդիականանք, որ հասնենք նրան», - ավելացրեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանի խոսքերով, մենք «մեծ պարտք ունենք Չարենցին». - «Խրատ չեղավ [մեզ համար] Չարենցի կորուստը... Չարենցը տեր էր մեր ժողովրդին, վաղվա տերն էլ Չարենցն է»:

Մեծ բանաստեղծի հուշահամալիրն այսօր պարուրված էր ծաղիկներով ու իր անմահ տողերով:


Գայանե Դանիելյան եւ Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG