Մատչելիության հղումներ

Իրանը «այլեւս չի քննարկում» Ռուսաստանի առաջարկը


Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համիդ Ռեզա Ասեֆին կիրակի օրը հայտարարել է, որ Իրանը այլեւս չի քննարկում Ռուսաստանի տարածքում ուրանի հարստացման համատեղ ձեռնարկություն ստեղծելու առաջարկը եւ մտադիր է իրականացնել սեփական մեծածավալ ծրագիրն այդ ուղղությամբ:

«Ռուսաստանի առաջարկը այլեւս մեր օրակարգում չկա: Հանգամանքները փոխվել են: Մենք պետք է սպասենք եւ տեսնենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող 5 երկրներում», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, հայտարարել է Ասեֆին:

Ըստ գործակալության, Իրանի հայտարարությունը հետեւել է անցած շաբաթավերջին Միջուկային էներգիայի միջազգային գործակալության տնօրենների խորհրդի որոշմանը՝ Իրանի «միջուկային դոսյեն» փոխանցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որը կարող է քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ:

Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրներից, սակայն, «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ Թեհրանը պաշտոնական Մոսկվայի հետ շփումներում այսօր հերքել է Իրանի արտգործնախարության ներկայացուցչի հայտարարությունը:

«Իրանցիները տեղեկացրել են ռուսաստանցի դիվանագետներին, որ ուրանի հարստացման համատեղ ձեռնարկության մասին Ռուսաստանի առաջարկը առաջվա պես ուժի մեջ է: Վերջին շփումների ժամանակ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը հերքվել է», - ասել է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG