Մատչելիության հղումներ

«Ջրային ախպերություն»-ից մինչեւ «Մադագասկար»


«Ջրային ախպերություն», «Միշիկն ու Դերոն», «Ժորիկը», «Մադագասկար ջան». սրանք հայերեն կրկնօրինակված մուլտֆիլմերի անուններն են: Սակայն կրկօրինակել այս դեպքում սխալ է ասել, քանի որ պահպանվել են միայն կադրերը, իսկ տեքստն ամբողջությամբ փոխված է: Եվ որ ամենակարեւորն է՝ բոլոր մուլտֆիլմերը մեջբերված հատվածի հայերենով են: Արդյունքում «Շրեկ»-ը «Ժորիկ» է դարձել, «Ստորջրյա թագավորություն»-ը՝ «Ջրային ախպերություն» եւ այդպես շարունակ:

DVD ֆորմատով այս մուլտֆիլմերը վաճաքում հայտնվեցին ամիսներ առաջ ու աննախադեպ պահանջարկ ունեցան. Ամանորին նման նվերը երեխաների համար դարձել էր ուղղակի երազանք, որը շատ ծնողներ զարմանալիորեն իրականացնում էին՝ չխնայելով հայոց լեզուն ու 2000 դրամը:

Մուլտֆիլմերը մեծամասամբ ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոյի երգերով են ձեւավորված: DVD -ների վրա ոչ մի նշում չկա՝ ո՞ր ստուդիան է այն արտադրում, ո՞վքեր են կրկօրինակում եւ քանի՞ օրինակով է թողարկվել: Փոխարենը շարունակ լուրեր էին պտտվում, թե այս ամենի հեղինակը «Հայ տղեք» խումբն է, որի ամբողջ երգացանկը եւս այս լեզվով է: Խմբի տղաները, սակայն, հեռուստաեթերից հայտարարեցին, թե որեւէ կապ չունեն այդ DVD -ների հետ:

Մի քանի շաբաթ առաջ «Հայարտ» մշակութային ընկերությունը հայտարարեց, որ դիմել է ոստիկանություն՝ մուլտֆիմերի վաճառքը դադարեցնելու պահանջով: Իրենց բողոքը հայտնեցին նաեւ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանն ու այլ հայտնի մտավորականներ: Ոստիկանությունն ինչ-որ քայլեր, կարծես, ձեռնարկել է. համենայնդեպս մի քանի խանութներում մեզ ասում էին, որ դադարեցվել է վաճառքը:

Իրականում, սակայն, մեր այցելության ժամանակ DVD-ների շատ վաճառքի կետերում դեռ հանգիստ կարելի էր ձեռք բերել մուլտֆիլմերը, նույնը նաեւ վարձույթի կետերում էր:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG