Մատչելիության հղումներ

Համանախագահների հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 20-ին Ստամբուլում


«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաջորդ հանդիպումը կայանալու է մարտի 20-ին Ստամբուլում, իսկ տարածաշրջանային հաջորդ այցի ժամկետը կախված կլինի կողմերի արտահայտած դիրքորոշումից ու պատրաստակամությունից», - ասված է հինգշաբթի ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ, որը փոխանցվել է «Ազատություն» ռադիոկայանին:

«Կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին քայլեր ձեռնարկել՝ իրենց ժողովուրդներին խաղաղությանը եւ ոչ թե պատերազմին նախապատրաստելու համար», - հայտարարում են համանախագահները եւ ավելացնում. - «Կոչ ենք անում երկու կողմին հիմնվել արդեն մշակված սկզբունքների վրա՝ 2006 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար»:

Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին՝ բանակցություններին աջակցելու համար, դիվանագետները միեւնույն ժամանակ ցավ են հայտնում, որ «վերջին շաբաթների ընթացքում ղարաբաղյան խաղաղ կարգավորումը առաջընթաց չի գրանցել՝ չնայած դրա համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններին»:

Անդրադառնալով տարածաշրջանի ներկա իրադրությանը՝ համանախագահները վերահաստատում են նախկինում հնչեցրած համոզմունքը. վերջին մեկուկես տարվա ընթացքում հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրվել է զգալի առաջընթաց:

«Չնայած Ռամբույեի բանակցությունների արդյունքներին, Մինսկի խմբի համանախագահները շարունակում են հավատալ, որ մի շարք նախապայմաններ 2006 թվականը բարենպաստ են դարձնում էական առաջընթացի համար եւ կոչ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին ջանքեր գործադրել՝ այդ արդյունքներին հասնելու համար», - ասված է հայտարարության մեջ:

Եռանախագահները նախորդ երկու օրերի ընթացքում Վաշինգտոնում ամփոփում էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ՝ Ռամբույեում կայացած բանակցությունների արդյունքներն ու փորձում նախանշել բանակցությունների հետագա ընթացքը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG