Մատչելիության հղումներ

Ֆրենկ Փալոն. «Ռազմական հավասարակշռության բացակայությունը կվնասի ղարաբաղյան բանակցություններին»


Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, քննադատել է նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը՝ Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության չափերի հավասարությունը խախտելու համար:

Նա հայտարարել է, թե ռազմական հավասարակշռության բացակայությունը կվնասի Լեռնային Ղարաբաղի խաղաղության բանակցությունների գործընթացին: 2007 թվականի բյուջեի նախագծում Բուշը առաջարկել է Ադրբեջանին հատկացնել 4,5 միլիոն դոլարի ռազմական օգնություն` Հայաստանի համար նախատեսելով մեկ միլիոն դոլարով պակաս գումար:

«Մեզ համար շատ կարեւոր է կասեցնել Բուշի վարչակազմի այս վերջին ջանքերը: Կոնգրեսի եւ վարչակազմի միջեւ այս երկու երկրներին հավասար ռազմական օգնություն հատկացնելու մասին համաձայնագիր էր կնքվել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո: Այս հավասարության մասին համաձանյությունը խախտվում էր նաեւ նախորդ տարիներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ֆրենկ Փալոնը:

«Մենք պայքարելու ենք սրա դեմ, ինչպես արել ենք անցյալում, եւ ստիպելու ենք վարչակազմին պահպանել համաձայնությունը հավասարության մասին, - նշել է դեմոկրատ կոնգրեսական Փալոնը:

2007 թվականի բյուջեի նախագծում Բուշի վարչակազմը առաջարկել է Հայաստանին 50 միլիոն դոլարի տնտեսական օգնություն հատկացնել՝ նախորդ ֆինանսական տարվա 75 միլիոն դոլարի համեմատ: Կոնգրեսականը, սակայն, հավատում է, որ գործընկերների աջակցությամբ կկարողանա փոխել օգնության չափերը:

«Դժբախտաբար, Բուշի վարչակազմը ամեն տարի Հայաստանի համար ավելի ու ավելի քիչ օգնություն է նախատեսում, քան Կոնգրեսն է ծրագրում: Հիմա նորից նույն բանը կրկնվեց, եւ մենք պետք է զգալիորեն ավելացնենք Հայաստանին հատկացվող օգնությունը: Գուցե, անցած տարվա չափ չլինի, բայց շատ կլինի: Ինչպես գիտեք, նախագահը ներկայացնում է բյուջեն, իսկ Կոնգրեսը որոշում է՝ ընդունել այն, թե փոխել: Ակնհայտորեն, մենք կփոխենք այն», - համոզմունք է հայտնել Փալոնը:

«Մենք փոխել ենք այն վերջին 18 տարում, եւ ես բավական վստահ եմ, որ կկարողանանք նաեւ այս անգամ», - եզրափակել է հայկական հարցերով կոնգրեսական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG