Մատչելիության հղումներ

Ռինո Հարնիշ. «ԱՄՆ-ը համոզված է, որ համանախագահների հանդիպումը Վաշինգտոնում արդյունավետ կլինի»


Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռինո Հարնիշը հայտնել է, որ Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո Ադրբեջան կժամանի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների հետ:

«ԱՄՆ-ը համոզված է, որ համանախագահների հանդիպումը Վաշինգտոնում արդյունավետ կլինի», - ըստ ANS հեռուստաալիքի, ասել է Ռինո Հարնիշը: - «Համանախագահները համոզված են, որ բանակցությունները դրական արդյունք են ունենալու, քանի որ անցած 2 տարում նախապատրաստական մեծ աշխատանք է տարվել, եւ 2006-ը կարեւորագույն տարի է: Որոշումը պետք է կայացվի այս տարի. այդ են պահանջում արդեն կայացած եւ ապագա ընտրությունները»:

Կրկին անդրադառնալով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 2-ի հարցազրույցին, դեսպան Հարնիշը ասել է. - «Կուզենայի կրկնել, որ ԱՄՆ-ը դրական չի ընկալում որեւէ նման հայտարարություն ո’չ Հայաստանի, ո’չ էլ Ադրբեջանի կողմից: Միացյալ Նահանգները դա չի պաշտպանում: ԱՄՆ-ը աջակցում է, որ կողմերը վերադառնան բանակցություններին եւ կարգավորեն հակամարտությունը խաղաղ ճանապարհով»:

Վկայակոչելով Ադրբեջանի դիվանագիտական աղբյուրները, «Ռեգնում» գործակալությունը հաղորդում է, որ մարտի 13-ին երկօրյա աշխատանքային այցով Ադրբեջան կժամանի նաեւ Եվրոպայի եւ Ասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդական Դենիել Ֆրիդը: Նախատեսված են Ֆրիդի եւ Մաննի հանդիպումները Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG