Մատչելիության հղումներ

«Եվրոպական հարեւանության» շուրջ բանակցություններ Բրյուսելում


Այս շաբաթ Բրյուսելում կայացավ Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւանություն» քաղաքականության շրջանակներում Հայաստանի Անհատական գործողությունների ծրագրի մշակման շուրջ բանակցությունների երկրորդ փուլը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Եվրամիությունը ներկայացնում էր Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի վարչության տնօրեն Հյուգ Մինգարելլին:

«Քննարկվել են բոլոր փոփոխություններն ու առաջարկները: Լուրջ, խնդրահարույց վեճեր չեն եղել: Նույնիսկ հույս կա, որ երրորդ փուլի կարիք չի լինի: Կողմերը պայմանավորվեցին 2-3 շաբաթվա ընթացքում ձեւակերպել նոր առաջարկներ», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Եվրամիությունում Հայաստանի պատվիրակության խորհրդական Աննա Աղաջանյանը:

Նրա խոսքերով, Եվրամիությունը որոշել է որդեգրել տարածաշրջանային մոտեցում եւ որեւէ երկիր չառանձնացնել: Այսինքն՝ նույնիսկ եթե Հարավային Կովկասի երկրներից որեւէ մեկի Անհատական գործողությունների ծրագիրը ավելի շուտ պատրաստ լինի, ամենայն հավանականությամբ, ծրագրերը կհաստատվեն միաժամանակ:

«Հույսեր կան, որ դա կլինի դեռեւս Եվրամիությունում Ավստրիայի նախագահության օրոք՝ մինչեւ ընթացիկ տարվա հուլիս ամիսը, բայց դա կախված կլինի Վրաստանի եւ Ադրբեջանի առաջընթացից», - եզրափակեց Աննա Աղաջանյանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG