Մատչելիության հղումներ

Համլետ Գասպարյան. «Կուզենայի չհավատալ, թե Հարնիշը այդ ձեւով է արտահայտվել»


Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը տարածել է նախարարության մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանի պատասխանը «Արմենպրես»-ի հարցին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշի մեկնաբանության կապակցությամբ, որը անցած շաբաթ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ վերջիններիս, Հարնիշը նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 2-ի հարցազրույցի կապակցությամբ հայտարարել է, թե Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հնարավոր միավորման մասին հայտարարությունը միայն սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում եւ որեւէ օգուտ չի բերում:

«Կուզենայի չհավատալ, թե նա այդ ձեւով է արտահայտվել», - ասված է Համլետ Գասպարյանի պատասխանում: - «Հակառակ դեպքում պետք է առաջարկեի հարգարժան դեսպանին հեռու չգնալ եւ մեկնաբանել հենց իր քթի տակ արվող ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք առատ նյութ են մատակարարում զանազան ենթադրությունների, այդ թվում նաեւ տարածաշրջանում լարվածության սաստկացման, նույնիսկ ուղղակի պատերազմի սպառնալիքների առումով: Հետաքրքիր է իմանալ, ի՞նչն է խանգարում դեսպանին դա չտեսնել կամ չտեսնելու տալ: Երեւում է ԱՄՆ դեսպանը բնակալել է Բաքվում»:

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ կա Հարնիշի խոսքի ձայնագրությունը, որտեղ դեսպանը՝ առանց անուններ տալու, ասում է բառացիորեն հետեւյալը. - «Ակնհայտ է, որ լարվածությունը բարձրացնող հայտարարությունները օգուտ չեն բերում: Մենք տեսել ենք, որ բանակցությունների միջոցով լուծում գտնելը հասանելիության սահմաններում է: Մենք քաջալերում ենք նախագահներին, արտաքին գործերի նախարարներին եւ երկու երկրների ժողովուրդներին՝ կենտրոնանալ բանակցությունների միջոցով լուծման հասնելու ջանքերի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG