Մատչելիության հղումներ

Վիեննայում քննարկվելու է Իրանի միջուկային ծրագրի հարցը


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենների խորհուրդն այսօր Վիեննայում գումարում է նիստ, որի օրակարգում Իրանի «միջուկային դոսյեն» ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ փոխանցելու խնդիրն է: Միջուկային ծրագրի հարցերով Իրանի գլխավոր բանագնաց Ալի Լարիջանին երեկ երեկոյան ասել է, թե «այդ սպառնալիքն իրականացվելու դեպքում, իրանցի մասնագետներն ամբողջ թափով կվերսկսեն ուրանի հարստացման ծրագիրը»:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը դեռ մեկ ամիս առաջ է վճռել Իրանի հարցով զեկույց ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Միաժամանակ գործակալությունը հայտարարել էր, որ մինչեւ գործադիր տնօրենների այսօրվա ժողովը ՄԱԿ-ը որեւէ կոնկրետ քայլի չի դիմի: Փաստորեն, Թեհրանին ժամանակ էր տրվել համագործակցություն սկսելու եւ ուրանի հարստացումն անվերապահորեն դադարեցնելու համար: Բայց ոչ առաջինն է տեղի ունեցել, ոչ էլ երկրորդը:

Հույս կար, թե ռուսներին կհաջողվի գործարք կնքել Իրանի հետ եւ հասնել այն բանին, որ հարստացումն իրականացվի համատեղ ձեռնարկության ջանքերով Ռուսաստանի տարածքում: Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ղոլամրեզա Աղազադեն երեկ ասել է, թե այդ խնդրի վերաբերյալ ինտենսիվ բանակցությունները շարունակվում են: Արտաքին գործերի նախարարության խոսնակ Համիդ Ռեզա Ասեֆին նշել էր, որ հնարավոր է համարում ե'ւ գործարքի կայացումը, ե'ւ դրա ձախողումը:

Ի՞նչ կլինի այն դեպքում, եթե ոչ մի գործարք չկնքվի եւ Իրանը մերժի զիջելու տարբերակը: Վերլուծաբանների համոզմամբ, Արեւմուտքն այնուամենայնիվ չի հրաժարվի բանակցային գործընթացից, սակայն իրական կդառնա որոշակի պատժամիջոցների սահմանումը: Մասնավորապես, իրանցի պաշտոնյաները կարող են զրկվել Արեւմուտք մեկնելու հնարավորությունից: Բացի այդ, ԱՄՆ-ը եւ Եվրոպան կարող են սահմանել մեկ այլ՝ շատ ավելի ցավագին պատժամիջոց՝ նավթի էմբարգո հայտարարել Իրանին:

Երեկ բանակցությունները շարունակելու օգտին է խոսել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Նա, մասնավորապես, ասել է, որ Իրանը դեռ կարող է դադարեցնել միջուկային վիճահարույց հետազոտությունները:

Չինաստանի արտաքին գործերի նախարար Լի Չժաոշինգը երեկ Թեհրանին հորդորել է շարունակել բանակցությունները Ռուսաստանի եւ Եվրոպական միության հետ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը շաբաթ օրը Պակիստանում հայտարարել է, թե «հարկ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության որոշումներին հաղորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կշիռը, այդպես կհաջողվի Իրանին ստիպել որեւէ բան անել, սակայն դա բնավ չի նշանակում, որ անմիջապես խոսք կլինի պատժամիջոցներ սահմանելու մասին»:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, երեկ Թեհրանում եւ Իրանի այլ քաղաքներում հազարավոր մարդիկ մասնակցել են ցույցերի: Մզկիթներում եւ փողոցներում հավաքված իրանցիները վանկարկել են «Մա՜հ Ամերիկային» կարգախոսը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG