Մատչելիության հղումներ

Միխայիլ Գորբաչով. «Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրսբերման հարցը արդարացված էր»


ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հարցազրույցում անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կարող էր Մոսկվան պահանջել Ադրբեջանից ավելի մեծ ինքնիշխանություն տրամադրել Ղարաբաղին՝ առանց Հայաստանի հետ միանալու, Միխայիլ Գորբաչովը պատասխանել է. - «Մոսկվան պատրաստվում էր 180 հազար բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի զարգացմանը հատկացնել 1 միլիարդ ռուբլի, ստիպել Բաքվին վերականգնել բոլոր դոտացիաները, բացել կապը Հայաստանի հետ եւ Լեռնային Ղարաբաղին տրամադրել Ինքնավար հանրապետության կարգավիճակ»:

«Բայց այդ ժամանակ Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում Լեռնային Ղարաբաղը հռչակվեց Հայաստանի անբաժանելի մաս: Ես ի՞նչ պետք է անեի: Զորքե՞ր մտցնեի Հայաստան: Իմ տեսանկյունից, Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրսբերման հարցը արդարացված էր», - հայտարարել է Գորբաչովը եւ ավելացրել. - «Փոխզիջման հնարավոր էր հասնել միայն ԽՍՀՄ շրջանակներում: Ուժի կիրառումը ոչ մի արդյունք չէր տա: Դրա վառ ապացույցը Չեչնիան է»:

Լրագրողի այն պնդմանը, թե իր օրոք զորքեր են մտցվել Թբիլիսի, Վիլնյուս եւ Բաքու, Գորբաչովը պատասխանել է, թե իր հրամանով զորքեր են մտցվել միայն Բաքու:

«Իրադարձությունները Բաքվում դարձել էին անկառավարելի, Գերագույն խորհուրդը եւ ԽՄԿԿ-ն կաթվածահար էին, քանդվել էր 200-կիլոմետրանոց պետական սահմանը, հարձակումներ էին կատարվում տեղական մարմինների վրա: Ես շտապ Բաքու գործուղեցի Եվգենի Պրիմակովին եւ Անդրեյ Գիրենկոյին, ովքեր առաջարկեցին արտակարգ իրավիճակ հայտարարել ու զորքեր մտցնել: Այժմ էլ համարում եմ, որ դրանով կանխվեց ավելի մեծ արյունահեղությունը», - ասել է Միխայիլ Գորբաչովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG