Մատչելիության հղումներ

Միջազգային փորձագետները գտնում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին հայտարարությունները հասցեագրված են ներքին լսարանին


«Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության հանդեպ միջազգային հանրության ուշադրությունն ու երկու երկրների իշխանությունների միջեւ բավական հաճախակի դարձած հանդիպումները, մի կողմից, լավատեսություն են ներշնչում, մյուս կողմից`ստիպում երկու երկրների ղեկավարներին ամրապնդել դիրքորոշումները միջազգային հանրության ու սեփական ժողովրդի առջեւ», - գտնում է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կովկասյան հարցերով փորձագետ Քրիստոֆեր Lենգտոնը:

«Կարծում եմ, հենց այդ համատեքստում է պետք դիտարկել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հայտարարությունները: Դրանք հիմնականում հասցեագրված են ներքին լսարանին եւ այնքան վտանգավոր չեն, որքան կարող է թվալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լենգտոնը:

Նույն կարծիքին է նաեւ բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականի փորձագետ Աննա Ուոքերը: «Երկու կողմերի վրա միջազգային հանրության ճնշումները նվազեցնում են ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը», - նշել է փորձագետը:

Մյուս կողմից, Ուոքերի խոսքերով, Ադրբեջանը դժվար թե ցանկանա ռիսկի ենթարկել նավթային ոլորտից ակնկալվող գումարներն ու ներդրումները: Այնպես որ, ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը փոքր է: Ռամբույեի բանակցություններից հետո, ըստ նրա, փոքր է նաեւ բանակցային գործընթացում հաջողության հասնելու հնարավորությունը:

«Ռամբույեն համաձայնության գալու վերջին հնարավորություններից մեկն էր: Հաջորդ տարի Հայաստանում խորհրդարանական ընտրությունններ են, 2008 թվականին՝ նախագահական ընտրություններ երկու երկրներում»», - ասաց Աննա Ուոքերը: - «Այնպես որ, հարցի լուծման յուրաքանչյուր ձգձգում էլ ավելի է նվազեցնում հաջողության հասնելու՝ առանց այդ էլ փոքր հնարավորությունը: Եվ այն, որ Ադրբեջանը մերժում է Lեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ բանակցելու հնարավորությունը, եւս արգելակում է բանակցային գործընթացը»:

Երկու փորձագետների գնահատականով, այժմ թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի իշխանությունները բավական բարդ եւ աննախանձելի իրավիճակում են. մի կողմից միջազգային հանրությունն է ճնշումների ենթարկում, մյուս կողմից՝ ներքին լսարանը: Խնդրի լուծումը գնալով ավելի ու ավելի է խճճվում:

«Բանակցությունների սեղանին վերադառնալու համար, կարծում եմ, պետք է վերաշարադրել հակամարտության կարգավորման հիմքում ընկած սկզբունքների էությունը: Դրանք, իմ կարծիքով, փոխվել են, ընդ որում՝ ոչ միայն աշխարհում, այլեւ հենց տարածաշրջանում, Հայաստանում ու Ադրբեջանում», - եզրափակեց Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կովկասյան հարցերով փորձագետ Քրիստոֆեր Lենգտոնը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG