Մատչելիության հղումներ

Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց Յուրի Սուվարյանը


Այսօր Երեւանի տնտեսագիտական ինստիտուտում տեղի ունեցան ռեկտորի ընտրությունները: Բուհի կառավարման խորհրդի 32 անդամներից 30-ը իրենց ձայնը տվեցին ինստիտուտի կառավարման ամբիոնի վարիչ Յուրի Սուվարյանին:

Մյուս երկու անդամները ոչ թե դեմ էին քվեարկել, այլ պարզապես բացակա էին: Մինչեւ այսօր Սուվարյանը դեռ ուներ մրցակից՝ ի դեմս ինստիտուտի տեսական տնտեսագիտության ամբիոնի դասախոս Հովսեփ Աղաջանյանի, ով, սակայն, ինքնաբացարկ ներկայացրեց այսօր առավոտյան:

Սուվարյանին չի զարմացրել այն, որ իր բոլոր մրցակիցները ինքնաբացարկ են հայտնել. - «Ես չեմ զարմանում, որովհետեւ նախ նրանք, մեծ մասամբ, իմ նախկին սաներն են: Ըստ երեւույթին, լավ իմանալով իմ փորձը գիտության, կրթության կազմակերպման ասպարեզում, ասպարեզը զիջել են ինձ. հետո ես կփոխանցեմ էստաֆետը իրենց»:

«Ես ունեցել եմ մրցակիցներ», - շարունակեց նա: - «Մրցակիցները պայքարել են մինչեւ վերջ եւ, ըստ երեւույթին, նպատակահարմար են համարել բացարկ հայտնել»:

Բուհի կառավարման խորհրդի անդամ, Հայաստանի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը հետեւյալ կերպ բացատրեց Սուվարյանի մրցակիցների (ովքեր, ընդհանուր առմամբ, հինգն էին) ինքնաբացարկը. - «Պարոն Սուվարյանի շանսերը, երեւի, ավելի մեծ էին, իր հեղինակությունը, իմիջը՝ դրա համար են դուրս եկել»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG