Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը «ժողպատգամավոր»-ին խոստացել է նոր հայց ներկայացնել ՍԴ


Չորեքշաբթի օրը Ազգային ժողովի «Ժողպատգամավոր» խմբի անդամները նախաձեռնությամբ տեղի է ունեցել խմբի անդամների հանդիպումը Հայաստանի նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, հանդիպման նպատակը Սահմանադրական դատարանում Բուզանդի, ինչպես նաեւ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների հարցով նոր դիմում ներկայացնելն է:

Անցած տարեվերջին Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ Բուզանդի փողոցում «Հողատարածքների օտարման մասին» կառավարության որոշման սահմանադրականությունը քննելու հայցով, որը ընդունվել էր դատարանի վարույթ:

Ներկայացվելիք նոր հայցը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռաֆիկ Պետրոսյանը՝ «իրավաբանորեն հիմնավորված է լինելու... վիճարկվելու է ոչ միայն կառավարության համապատասխան որոշման, այլեւ մի քանի օրենքների սահմանադրականության հարցը», ինչը ենթադրում է, որ նոր հայցը վարույթ ընդունվելու դեպքում պատասխանող կողմ կլինի ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլեւ Ազգային ժողովը:

Արմեն Հարությունյանը, Պետրոսյանի փոխանցմամբ, խոստացել է 1-2 օրվա ընթացքում հիմնավորված դիմում կներկայացնել Սահմանադրական դատարան:

Բուզանդի փողոցի նախկին բնակիչների հարցը քննարկելու համար Սահմանադրական դատարան էին դիմել նաեւ ԱԺ պատգամավորները: Այդ դիմումը, սակայն, Սահմանադրական դատարանը չքննարկեց, որովհետեւ դիմումը ստորագրած պատգամավորներից 6-ը հետ վերցրեցին իրենց ստորագրությունները: Նրանցից 5-ը «Ժողպատգամավոր» խմբի անդամներ էին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG