Մատչելիության հղումներ

Ջավախքի դպրոցները լուրջ խնդիրներ ունեն


Ջավախքի դպրոցները դժվարությամբ են կարողանում հաղթահարել ձմռան ցրտերը: Առաջին ձյան հետ աշակերտները եւ դպրոցական ամբողջ անձնակազմը բախվում է լուրջ խնդիրների, այդ թվում՝ լուրջ հիվանդությունների: Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Նաթելա Գրիգորյանի պնդմամբ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դպրոցները անուշադրության են մատնվել:

Դ. Դեմիրճյանի անվան դպրոցում կա ջեռուցման համակարգը, բայց այն չի գործում վառելիքի պակասի եւ որոշ անսարքությունների պատճառով: Բացի այդ` շատ դասարաններում չկան նաեւ ապակիներ: Չնայած այս տարի ապակիների պակասը որոշ չափով լրացվել է «Հայ օգնության միության» աջակցությամբ, այնուամենայնիվ, դեռ միջանցքներում քամիներ են սուրում:

«Այս տարի մեր դպրոցի «նոր» բյուջեից գնել ենք երկու մեքենա փայտ, բայց դա էլ շատ քիչ է եւ չի բավարարում 22 դասարանի համար: Հունվարից այդ փայտով ենք տաքանում: Յուրաքանչյուր դասարանի համար նախատեսված է 10 կոճղ: Տեսնենք ինչքան կհերիքի», - ասում է տնօրենը:

Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 դպրոցն էլ ունի «չգործող» ջեռուցման համակարգ: 9-րդ դասարանի աշակերտներն էլ տարվա սկզբին 20-ական լարի են հավաքել (մոտ 5000 դրամ), որպեսզի փայտ գնեն:


Շրջանի ղեկավարությունը խոստացել է օգնել եւ ամռանը սկսել դպրոցների ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքները, բայց ուսուցիչները թերահավատորեն են վերաբերում դրան` պատճառաբանելով, որ իրենք ղեկավարությունից գրեթե ոչինչ չեն ստանում:


«Վրաստանի կառավարության կողմից ոչ մի դիդակտիկ պարագա եւ որեւէ դասագիրք չէինք ստանում: Հիմնական դասագրքերը տալիս էր Հայաստանը կամ հայկական բարեգործական կազմակերպությունները, սակայն դրանք էլ չեն բավարարում: Արդեն 3 տարի է, որ Վրաստանից դասագրքեր ենք ստանում` Վրաստանի աշխարհագրություն, պատմություն, լեզու եւ գրականություն: Այն էլ փող ենք վճարում», - ասում է Նաթելա Գրիգորյանը:

Տնօրենի կարծիքով, նման պայմանները առիթ են դառնում ջավախքահայերի արտագաղթի: Եթե մի քանի տարի առաջ հայկական դպրոցներում բացվում էր 4 կամ 5 1-ին դասարան, ապա այս ուսումնական տարում իրենց դպրոցում բացվել է միայն 2-ը, նախանցյալ տարում` 1-ը: Նույն վիճակն է նաեւ Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում, Մինաս Տեր-Մինասյանի անվան դպրոցում, իսկ ահա Վ. Մայակովսկու անվան ռուսական դպրոցում բացվել է 4 առաջին դասարան:


Քրիստինե Աղալարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG