Մատչելիության հղումներ

«Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին զարգացումները չեն ազդի բանակցային գործընթացի վրա»


Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում քննարկելու են Պրահայի գործընթացի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակության ժամանակացույցը:

Ամերիկացի դիվանագետ Սթիվեն Մաննը հույս է հայտնել, որ արդեն այս տարի կհաջողվի համաձայնեցնել կարգավորման հիմնական սկզբունքները: Մինչդեռ, հատկապես վերջին շաբաթների ընթացքում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում նկատելի է հակառակ կողմի նկատմամբ հանրության վերաբերմունքի կտրուկ փոփոխություն:

Ինչպե՞ս գնահատել այս երեւույթը: Ի՞նչ հետեւանքներ կունենա կամ ի՞նչ ազդեցություն կգործի այս ամենը բանակցային գործըաթացի վրա: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ոչ մի:

«Ես չեմ կարծում, որ այս իրադարձությունները կապված են ղարաբաղյան խնդրի եւ այդ հակամարտության կարգավորման կամ փաստացի չկարգավորման հետ: Դրանք որոշակի առումով ներքաղաքական իրավիճակի հետեւանք են», - համարում է Ալեքսանդր Իսկանդարյանը: - «Ադրբեջանում միանշանակ այդպես է, իսկ Հայաստանում կարող է կապված լինել, օրինակ, Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ ի հայտ եկած տարաձայնությունների հետ: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ պետք չէ գերագնահատել այսօրինակ իրադարձությունների իմաստը, եւ դրանց ազդեցությունը միջպետական հարաբերությունների վրա»:

«Արեւելք -Արեւմուտք» ադրբեջանական վերլուծական կենտրոնի ղեկավար Արաստուն 0րուջեւը նույնպես դիտարկում է վերջին զարգացումները ներքաղաքական հարաբերությունների տեսանկյունից՝ համարելով, որ այսօր արմատական ազգայնականության գործոնը կարող է գաղափարական հիմք դառնալ որոշակի քաղաքական ուժերի համար՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ե'ւ Ադրբեջանում, ե'ւ Հայաստանում իշխանությունը կամ ընդդիմությունը որեւէ լուրջ եւ գործող գաղափարախոսական այլընտրանք չունեն եւ չեն առաջարկում:

«Անկասկած, այս պայմաններում հայտնվում են ներքին ուժեր, որոնք ցանկանում են ծառայեցնել օտարատյացության, ազգային թշնամանքի, անհանդուրժողականության եւ այլ գաղափարները սեփական շահերին: Բացի այդ կան արտաքին ուժեր, որոնք նույնպես փորձում են շահարկել այս գործոնը: Տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի մասին է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց քաղաքագետը:

Արասթուն 0րուջեւի կարծիքով, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «կզրկի Ռուսաստանին տարածաշրջանային զարգացումների վրա ազդելու հզոր մի լծակից եւ վերջնականապես դուրս կմղի Ռուսաստանին ամբողջ տարածաշրջանից»:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG