Մատչելիության հղումներ

Շվեյցարիայի արտգործնախարարությունը արձագանքել է հայերի մտահոգությանը


Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյի անցած շաբաթ տեղի ունեցած եռօրյա պաշտոնական այցը Ադրբեջան առաջացրել էր շվեյցարահայ համայնքի դժգոհությունը: Շվեյցարական արտաքին քաղաքական գերատեսչությունը հարկ համարեց արձագանքել այս դժգոհություններին:

Հայ-շվեյցարական ընկերակցության համանախագահ Սարգիս Շահինյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե Շվեյցարիայի արտգործնախարարության հայտարարության կարեւորագույն կետն այն է, որ Շվեյցարիան չի ուզում նախապատվություն տալ Հարավային Կովկասի որեւէ պետության: Միաժամանակ նշվում է, որ Շվեյցարիան իր հետաքրքրությունն է հայտնում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ եւ պետք է շարունակի փորձել աջակցել հակամարտության քաղաքական լուծում գտնելուն:

«Գրեթե համոզված եմ, որ այս տարի տեղի կունենա նաեւ տիկին Քալմի-Ռեյի այցը Հայաստան: Միակ պատճառաբանությունը, թե ինչու դա տեղի չունեցավ այս ճամփորդության ընթացքում՝ ժամանակացույցի խնդիրն էր, ինչը բավական տարօրինակ է՝ դժվար է պատկերացնել, որ Շվեյացարիայի արտգործնախարարի՝ Ադրբեջան այցի ժամկետը համընկավ Խոջալուի դեպքերի տարելիցի հետ», - ասաց Սարգիս Շահինյանը:

Տիկին Քալմի-Ռեյի այցին հետեւած իրադարձությունները սակայն բավական տարօրինակ էին: Բաքվում Խոջալուի իրադարձությունների տարելիցին նվիրված ցույցի ընթացքում ադրբեջանցի երիտասարդները՝ Հայաստանի Հանրապետության դրոշի հետ այրեցին նաեւ Շվեյցարիայի դրոշը:

«Շատ տարօրինակ է, որ այդ բարեկամական այցի հետեւանքը Շվեյցարիայի դրոշի այրելն էր», - գտնում է Շահինյանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG