Մատչելիության հղումներ

Աշոտ Ղուլյան. «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ լսումները կանցկացվեն մարտի վերջին»


Ռամբույեում Քոչարյան-Ալիեւ հանդիպումից հետո հայտարարվեց, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը պատրաստվում է լսումներ անցկացնել հակամարտության կարգավորման խնդրի շուրջ: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ խորհրդարանական լսումները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն մարտի վերջերին:

Ղուլյանի խոսքերով, մինչ այդ խումբ-խմբակցությունները քննարկում են լսումների օրակարգը, հրավիրվելիք պաշտոնյաների եւ փորձագետների շրջանակը:

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ոչ միայն Պրահայի գործընթացի կամ նախագահների մակարդակով հանդիպումների քննարկման նյութ է, այլեւ տարբեր ձեւաչափերով, ինչպես ասենք, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում անցկացվող քննարկումների», - ասաց Աշոտ Ղուլյանը:

Ղարաբաղյան խորհրդարանում անցկացվելիք քննարկումներն, ըստ նրա, հնարավորություն կընձեռեն ավելի ամփոփ ու հավաքական կարծիք ձեւավորել, ինչը օգտակար կլինի ինչպես բանակցությունների, այնպես էլ տարբեր քննարկումների համար:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում նաեւ ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրելու է հակամարտության տարիներին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի բնակչությանը հասցված վնասները:

Հարցին, թե ինչու՞ հիմա որոշվեց ժամանակավոր հանձնաժողով ստեղծել եւ ոչ, ասենք, տասը կամ թեկուզ երկու երեք տարի առաջ, Աշոտ Ղուլյանը պատասխանեց, թե հանձնաժողով ստեղծելու հարցը միշտ էլ օրակարգում է եղել, «բայց միշտ էլ որոշակի վերապահումներ եղել են՝ բանակցային գործընթացին չխանգարելու համար»:

«Այդ նյութերն ու փաստերը կան, դրանք ժամանակ առ ժամանակ ներկայացվել են տարբեր քննարկումների եւ բանակցությունների ընթացքում, բայց երեւի այսօր ժամանակն է, որպեսզի դրանք ներկայացվեն խորհրդարանական մակարդակով», - եզրափակեց Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG