Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունները խզել են պայմանագիրը խոշորագույն ներդրողներից մեկի հետ


Ադրբեջանի խոշորագույն ներդրողներից հոլանդական Fondel մետալուրգիական ընկերությունը մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին 25 տարով կնքված պայմանագիրը խզելու եւ «տեղական եւ արտասահմանյան ներդրողների վրա հարձակումներ» գործելու մեջ:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Fondel ընկերությունը եւ Ադրբեջանի կառավարությունը համաձայնագիր էին ստորագրել Azeral պետական ընկերության Սումգայիթի եւ Գյանջայի ալյումինի արտադրությունները 25 տարով հոլանդական ընկերության կառավարմանը փոխանցելու մասին:

Ընկերության տարածած մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ 2005 թվականից Ադրբեջանի կառավարությունը ապօրինի ստանձնել է Azeral-ի կառավարումը՝ յուրացնելով Fondel-ին հասանելիք ֆինանսները, իսկ փետրվարի սկզբին խզել է համաձայնագիրը հոլանդական ընկերության հետ: «Իր շահերը պաշտպանելու համար Fondel-ը Ադրբեջանի դեմ օգտագործելու է բոլոր միջոցները, ներառյալ՝ միջազգային դատական ատյանները», - ասված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, հերթական խոշոր ներդրողն է մեղադրում Ադրբեջանի իշխանություններին ստորագրված համաձայնագիրը խզելու եւ փաստացի թալանի մեջ: Ավելի վաղ դա արել էին Azpetrol ընկերության հոլանդացի ներդրողները՝ մեղադրելով Բաքվին 300 միլիոն դոլարի բաժնետոմսերի փաթեթը զավթելու մեջ:

«Թուրան»-ը այս կապակցությամբ նշում է, որ Fondel-ին Ադրբեջան հրավիրելու նախաձեռնողը էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախկին նախարար Ֆարհադ Ալիեւն էր, ով նաեւ Azpetrol-ի փաստացի սեփականատերն էր: Ֆարհադ Ալիեւը Ադրբեջանի իշխանությունների դեմ հեղաշրջման կազմակերպման մեղադրանքով ձերբակալվել էր 2005 թվականի հոկտեմբերին՝ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG