Մատչելիության հղումներ

Արա Գեւորգյան. «Թող օգտագործեն երաժշտությունս, բայց թուլտվություն հարցնեն»


Թուրինում ավարտված 20-րդ Օլիմպիական խաղերում՝ գեղասահքի մրցումների ժամանակ հնչել է նաեւ հայ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի երաժշտությունը:

Երգահանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ իր երաժշտությունը տարբեր մրցումներում օգտագործել են շվեդ, բուլղարացի, ուկրաինացի, ռուս, վրացի եւ հրեա գեղասահորդները: Գեւորգյանը նաեւ պատրաստակամություն է հայտնել անվճար տրամադրել երաժշտությունը, միայն թե մարզիկները բարեխիղճ լինեն ու դիմեն թուլատրության համար, ու այդուհետ նաեւ հայտարարվի հեղինակի անունը:

«Արտոնություն ոչ ոք չունի, նրանք առանց հարցնելու են օգտագործում: Մեր զույգը նախկինում պարում էր իմ երաժշտության տակ, իսկ որ ուրիշ ազգերի ներկայացուցչներ են պարում՝ բարեբախտաբար, հայտարարվում է, որ հայկական երաժշտությունն է, ճիշտ է՝ հազվադեպ», - ասաց Արա Գեւորգյանը եւ ավելացրեց. - «Հայաստանի հեղինակային իրավունքների կոմիտեն նամակներ կուղարկի համապատասխան ատյաններին: Բավական չէ, որ արտոնություն չեն հարցնում, դեռ չեն էլ հայտարարում հեղինակի անունը»:

Կոմպոզիտորը նաեւ տեղեկացրել է, որ Մալայզիայի օպերայում ներկայացված «Սինդբադ» բեմադրությունում գլխավոր հերոսը սիրած աղջկան հանդիպում է իր «Արցախ» ստեղծագործության երաժշտության ներքո: «Չգիտեմ՝ Սինդբադը Արցախի հետ ինչ կապ ունի կամ Մալայզիան՝ Հայաստանի, բայց, համենայն դեպս, շատ հաճելի է», - նշել է Արա Գեւորգյանը:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG