Մատչելիության հղումներ

Աշխարհի բնակչությունը 6,5 միլիարդ մարդ է


Ըստ Մարդահամարի ծրագրերի միջազգային կենտրոնի տվյալների, երկրագնդի վրա ապրում է 6.5 միլիարդ մարդ: Ամերիկյան կենտրոնի մասնագետները հավաստիացնում են, որ այդ ցուցանիշը մարդկությունը գերազանցել է երեկ գիշեր:

Կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչը վայրկյանի ճշգրտությամբ կանխատեսել է մարդկության աճի միտումները առաջիկա վեց տարիների ընթացքում: 2012 թվականի հոկտեմբերի 18-ին ժամը 16:36-ին, աշխարհում կապրի արդեն 7 միլիարդ մարդ: Իհարկե, սրանք միայն կանխատեսումներ են, որոնք, սակայն, հիմնված են հստակ հաշվարկների վրա:

Դրանց համաձայն, յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ծնվում է 4 մարդ, յուրաքանչյուր րոպե՝ 219: Մասնագետներին այս առումով հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ մարդկության աճը գրանցվում է ի հաշիվ սոցիալապես անապահով երկրների: Սպասվում է, որ 2050 թվականին Հնդկաստանը բնակչության թվով կգերազանցի նույնիսկ Չինաստանին եւ կանցնի մեկուկես միլիարդի սահմանը:

Փոխարենը, ըստ մասնագետների, տարեցտարի կնվազի եվրոպացիների թիվը: Վիճակագիրները կանխատեսում են, որ առաջիկա 20 տարիների ընթացքում եվրոպացիները աշխարհի բնակչության թվում կկազմեն ընդամենը 7 տոկոս, ներկայիս 10-ի դիմաց: Նյութական ապահովվածությանը զուգընթաց, ըստ մասնագետների, Եվրոպայում նկատվում է ազատ, առանց ընտանեկան կապերի ապրելու միտում, ընտանիք կազմելու դեպքում էլ ծնողները նախատեսում են լավագույն դեպքում երկու երեխա ունենալ:

Մտահոգիչ են նաեւ հայ մասնագետների ներկայացրած տվյալները. ըստ Հայաստանի Վիճակագրական ծառայության, 2005 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է ծնելիության անկում, փոխարենը ավելացել են մահացության դեպքերը: Անցած տարվա ընթացքում, ըստ վիճակագիրների, հայերն ավելի քիչ են ամուսնացել, ավելի շատ բաժանվել են.ամուսնությունների թիվը նվազել է 2 տոկոսով, ամուսնալուծությունների թիվը՝ 25 տոկոսով ավելացել է:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG