Մատչելիության հղումներ

Առայսօր Հայաստանում թռչնագրիպի հարուցիչը չի հայտնաբերվել


Մինչ Ադրբեջանը, Վրաստանը եւ Իրանը հայտարարում են իրենց տարածքում թռչնագրիպից թեւավորների զանգվածային անկման բազմաթիվ դեպքերի մասին, Հայաստանի իշխանությունները պնդում են, թե Հայաստանի տարածքում դեռեւս թռչնագրիպի մահաբեր վիրուսից վայրի թռչունների անկման ոչ մի դեպք չի արձանագրվել։

«Մեր հանրապետությունում այսօրվա դրությամբ թռչնի գրիպ հիվանդությունը չի գրանցված, հիվանդության հարուցիչը չի հայտնաբերվել», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարարության պետական անասնաբուժական տեսչության պետ Գրիշա Բաղյանը՝ հավելելով, որ համապատասխան մարմինները աշխատանքները տանում ենք ոչ թե ուղղված տվյալ հիվանդության դեմ, այլ՝ Հայաստանը այդ հիվանդության վիրուսից զերծ պահելու ուղղությամբ:

Այս գերխնդրի լուծման նպատակով կառավարությունն այսօր համաձայնություն տվեց ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ «Թռչնագրիպի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման համար» տեխնիկական աջակցության ծրագրի կնքման առաջարկությանը:

Անասնաբուժական տեսչության պետի փոխանցմամբ, այս ծրագրի հիմնական նպատակն է՝ ուժեղացնել թռչնագրիպի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման եւ տարածման կարողությունը, ինչպես նաեւ ձեռք բերել ախտորոշիչ նյութեր, արտահագուստ, սարքավորումներ:

Այս ծրագիրը նախատեսում է նաեւ ուսուցման բաղադրիչ: Բաղյանի փոխանցմամբ, Հայաստանի Հանրապետության երկու մասնագետներ համապատասխան վերապատրաստում են անցել Բուդապեշտում, մարտի սկզբին եւս երկուսը կվերապատրաստվեն Խորվաթիայում։

Մարտի սկզբին կսկսվի վայրի թռչունների զանգվածային չուն, որն իր մեջ թռչնագրիպի ռեալ վտանգ է պարունակում: Այն նվազագույնի հասցնելու նպատակով, ըստ Բաղյանի, ստեղծվել են են համապատասխան խմբեր:

«Այդ խմբերի աշխատանքը կայանալու է նրանում, որ նրանք հետեւեն չուի ընթացքում թռչունների նստելատեղերին, նրանց բնատեղերին, նրանց ձվադրման տեղերին: Ինչ-որ արտակարգ երեւույթների, անկումների դեպքում անպայման դիակների մասին հայտնվելու է տեղական անասնաբուժական ծառայությանը», - պարզաբանեց նա:

Պետական անասնաբուժական տեսչության պետը մեկ անգամ էլ երաշխավորեց, որ Հայաստանում արտադրվող եւ շուկա հանվող թռչնի միս պարունակող մթերքը միանգամայն անվտանգ է. - «Այսօր այդ մթերքները վաճառքի են հանվում համապատասխան անասնաբուժական փաստաթղթերով»:

Ինչ վերաբերում է դրսից թռչնագրիպի վիրուս պարունակող մթերքի ներկրման հնարավորությանը, անասնաբուժական տեսչության պետը կրկին վստահեցրեց, թե հսկողությունն այնքան է խստացվել, որ նման ներկրումը բացառվում է:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG