Մատչելիության հղումներ

Վրաստանցի հատուկջոկատայինները ուժ են կիրառել ադրբեջանցիների նկատմամբ


Վրաստանի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները չորեքշաբթի օրը ուժ են կիրառել հողի անարդարացի բաշխման դեմ բողոքող Մարնեուլիի շրջանի Դամյա Գորարխի գյուղի ադրբեջանցի բնակիչների նկատմամբ: Ուժ է կիրառվել նաեւ ադրբեջանական «Լիդեր» եւ ANS հեռուստաալիքների օպերատորների նկատմամբ, ովքեր նկարահանում էին միջադեպը:

Վրաստանում Ադրբեջանի դեսպանության խոսնակ Էլխան Պոլուխովը ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ տեսագրված ժապավենները առգրավել են անհայտ անձինք, եւ դրանք վերադարձնելու մեջ շահագրգռված են նաեւ Վրաստանի իրավապահ մարմինները, որոնք նշել են, թե «անաչառ հետաքննության համար անհրաժեշտ է դիտել տեսագրված նյութերը»:

Իսկ «Լիդեր»-ի թղթակից Ռասիմ Դեմիրչելին նշել է, որ բողոքի ցույցը ցրելու ընթացքում վիրավորվել են ինչպես գյուղի բնակիչներ, այնպես էլ Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներ:

ԱՊԱ գործակալությունը հատնում է նաեւ, որ ի նշան բողոքի Դամյա Գորարխի բնակիչները այսօր փակել են երթեւեկությունը Մարնեուլի - Սադախլո մայրուղով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG